ՌԴ հետ բանակցությունները հնարավոր են միայն Մոսկվայի պարտությունից հետո. Կուլեբա
ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՈՎԻՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից ռուսական զորքերի «Արևելք» խմբավորման ղեկավար, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին զեկուցել է պատասխանատվության գոտում ներկա իրավիճակի և հակառակորդի ուժերի ջախջախման վերաբերյալ մարտական առաջադրանքների կատարման առաջընթացի մասին: Ստուգման ժամանակ Շոյգուն հրամայել է «Արևելք» խմբին պաշտպանել Դոնբասը ուկրաինական կողմի հրետակոծությունից:
«Արևելք» խմբավորումը մասնակցում է Դոնեցկի ուղղությամբ ռազմական գործողություններին։ Նախկինում չէր բացահայտվում, թե կոնկրետ ով է այն ղեկավարում։ Հուլիսի 4-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Արևելք» և «Արևմուտք» խմբավորումներին շարունակել առաջադրանքների կատարումը «նախկինում հաստատված պլանների համաձայն»:
ԲԱՔՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՎՐՈՊԱ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնն այսօր մեկնում են Բաքու, որտեղ Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկեն բնական գազի մատակարարումները Եվրոպա։ Կողմերը կքննարկեն Եվրամիության և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցերը էներգետիկայի ոլորտում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Եվրամիության համար կարևոր է դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումները։ Բանակցությունների արդյունքում նախատեսվում է պայմանագրի ստորագրում, որն ուղղված է ռուսական էներգակիրներից Եվրամիության կախվածությունը նվազեցնելուն։
ԵՄ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավաքվել են Բրյուսելում ՝ քննարկելու ֆինանսական և ռազմական աջակցությունն Ուկրաինային: Նախատեսվում է, որ արտգործնախարարները կհաստատեն Եվրամիության կողմից ևս 500 միլիոն եվրոյի հատկացումը՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար: Արտաքին գործերի նախարարները այսօր քննարկելու են նաև Ռուսաստանից ոսկու ներկրման արգելքը և անհատական պատժամիջոցների նոր ցանկը։ Հանդիպումից առաջ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ուկրաինական հացահատիկի ապաշրջափակումը «կյանքի կամ մահվան հարց է»: Նա մեղադրել է Մոսկվային հացահատկի արտահանմանը խոչընդոտելու համար:
ԿԻԵՎԻՆ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԾԱՆՐ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԸ. ԿՈՒԼԵԲԱ
Կիևը չի համաձայնի նավահանգիստների ապաշրջափակման մասին որոշումներին, եթե անգամ չնչին կասկած ունենա, որ դրանց վրա «հարձակման» սպառնալիք կա՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հուլիսի 20-21-ը կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների «հացահատիկի հարցով» նոր հանդիպումը՝ համաձայնագրի ստորագրման համար:
Խոսելով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին՝ Կուլեբան նշել է, որ Կիևին չի բավարարում մատակարարվող ծանր սպառազինության քանակությունը: Ուկրաինայի արտգործնախարարը միաժամանակ նշել է, որ Ուկրաինան շարունակում է ստանալ ծանր զինատեսակներ: Դմիտրի Կուլեբան նաև նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են «միայն Մոսկվայի պարտությունից հետո»։
ԻԻՀ-Ն ՏԵԽՆԻԿԱՊԵՍ Ի ԶՈՐՈՒ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲ ԱՐՏԱԴՐԵԼ. ԽԱՐԱԶԻ
Իրանը «տեխնիկապես ի զորու է միջուկային ռումբ արտադրելու», սակայն դեռևս չունի քաղաքական որոշում՝ ստեղծել այն, թե՝ ոչ՝ ասել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Քամալ Խարազին: «Մի քանի օրում մենք կարողացանք ուրանը հարստացնել մինչև 60%, մենք կարող ենք հեշտությամբ արտադրել մինչև 90% հարստացված ուրան… Իրանն ունի միջուկային ռումբ ստեղծելու համար տեխնիկական միջոցներ, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել»,- ասել է Խարազին Al Jazeera-ի հետ հարցազրույցում:
ԻՐԱՆԸ ՌԴ ԲԱՐԵԿԱՄՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է. ՊԵՍԿՈՎ
Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է, Մոսկվան գնահատում է երկկողմ հարաբերությունները՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները և մեծ նշանակություն տալիս դրանց։ Ուրախալի է, որ երկու երկրների նախագահները մշտական շփման մեջ են», - ասել է նա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար հավելել է, որ վերջին մի քանի տարիներին նոր թափ է հաղորդվել ՌԴ-ի և Իրանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացմանը:













