Իրանը զենք չի մատակարարի Ռուսաստանին. Աբդոլլահիան

ԴԴիանա Գասպարյան

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՀԱՐՑՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ստամբուլում փակ ձևաչափով մեկնարկել են հացահատիկի արտահանման հարցի շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների բանակցությունները՝ հայտնում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը կարծիք էր հայտնել, որ Կիևը և Մոսկվան մոտ են հացահատիկի արտահանման հարցում համաձայնության գալուն, նա նշել էր, որ այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանի քայլերից։

ԴԱԺԱՆ ՁՄԵՌ Է ԼԻՆԵԼՈՒ. ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 
Այս տարվա ձմեռը Եվրոպայի համար կարող է դառնալ ամենադժվարը վերջին 60 տարվա ընթացքում, ԵՄ-ն կվճարի հակառուսական պատժամիջոցների համար՝ նման կարծիք է հայտնել Ռումինիայի փոխվարչապետը։

«Նշաններ չկան, որ այս պատերազմը շուտ կավարտվի, դաժան ձմեռ է լինելու: Մենք կարող ենք բավարարել երկրի էներգետիկ կարիքների մոտ 80%-ը, մնացածը պետք է ձեռք բերենք այլ շուկաներից, հակառակ դեպքում խնդրի առաջ կկանգնենք»,- նշել է Կելեմեն Հունորը:

Ֆրանսիայի նախարարների կաբինետից էլ հայտնել են, որ երկիրը պատրաստվում է գազի հնարավոր դեֆիցիտին:

«Եթե Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցնի գազի մատակարարումը, դա, անկասկած, կազդի Եվրոպայի վրա: Ֆրանսիան գազի 17%-ը ստանում է Ռուսաստանից»,- ասված է հայտարարության մեջ։

ԹԵՀՐԱՆԸ ԶԵՆՔ ՉԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ

Իրանը զենք չի մատակարարի Ռուսաստանին՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

«Մենք պաշտպանական ոլորտում Մոսկվայի հետ պայմանագրեր ունենք, սակայն այս հակամարտությանը ներգրավված ոչ մի կողմի չենք պատրաստվում օգնել»,- նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Դիվանագետն անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ընդգծել, որ դրա վերականգնման շուրջ բանակցությունների մասնակից երկրները նախագիծ են մշակել, որի 90%-ը բավարարում է բոլոր կողմերին, այդ թվում՝ Վաշինգտոնին։

«ԵՄ-ի և որոշ երկրների արտաքին գործերի նախարարների միջոցով Միացյալ Նահանգների հետ քննարկում ենք պատժամիջոցների չեղարկման հարցը: Վերջերս Դոհայի բանակցություններում որոշակի առաջընթաց ենք գրանցել, սակայն դեռ որոշակի խնդիրներ կան»,- մանրամասնել է Աբդոլլահիանը։

Նա ընդգծել է, որ Թեհրանին տնտեսական հուսալի երաշխիքներ են անհրաժեշտ:

ՇՐԻ ԼԱՆԿԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան երկրում տնտեսական ճգնաժամի և զանգվածային ցույցերի ֆոնին խորհրդարանի նախագահին հայտնել է, որ վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն կկատարի նախագահի պաշտոնակատարի լիազորությունները։ Լրատվամիջոցների տվյալով՝ նշանակման մասին անձամբ չհայտարարելու պատճառն այն է, որ Ռաջապակսան գտնվում է Մալդիվներում: Նշվում է նաև, որ նա այսօր պաշտոնապես հրաժարականի դիմում կներկայացնի:

Վիկրամասինգեն զինվորականներին և ոստիկաններին հանձնարարել է վերահսկել ստեղծված իրավիճակը։ Երկրում կարգուկանոնը վերականգնելու համար նա հրահանգել է ստեղծել հատուկ կոմիտե, որը կգործի առանց քաղաքական գործիչների միջամտության։ Վարչապետը նաև արտակարգ դրություն է հայտարարել, Արևմտյան նահանգում, մասնավորապես՝ մայրաքաղաք Կոլոմբոյում, պարետային ժամ է սահմանվել:

Նախագահի պաշտոնակատարը մեղադրել է ցուցարարներին, իր բնորոշմամբ՝ ֆաշիստական կեցվածքի համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները, վերջին տվյալով, ներխուժել են վարչապետի նստավայր, ինչպես նաև կարճ ժամանակով ազգային հեռուստաընկերության շենք, այժմ հեռարձակումը վերականգնվել է:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում