Շվեդիան և Ֆինլանդիան զիջեցին. Թուրքիան համաձայնել է ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը

ԼԼիլիթ Ասատրյան

Մադրիդում մեկնարկել է ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովը։ Օրակարգի առանցքային թեման ռազմավարական նոր հայեցակարգի հաստատումն է, որը կնախանշի Դաշինքի հեռանկարները մինչև 2030 թվականը։ Կառույցի անդամ երկրների ուշադրության կենտրոնում են նաև Ուկրաինայի շուրջ զարգացումները և ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, ինչի հետ կապված առարկություններ ուներ պաշտոնական Անկարան։ Սակայն նախօրեին սկանդինավյան երկու երկրների և Թուրքիայի ղեկավարների, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հանդիպման արդյունքում, կարծես, հաջողվել է առաջընթաց արձանագրել:

Կողմերը համատեղ հուշագիր են ստորագրել, որը վերաբերում է ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը և այդ հարցում Թուրքիայի մտահոգությունները փարատելուն ուղղված քայլերին։

Մագդալենա Անդերսոն (Շվեդիայի վարչապետ) - Մենք համաձայնության ենք եկել, Թուրքիան այժմ համաձայն է, որ ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակ ստանանք. ներկայացրել ենք ահաբեկչության դեմ պայքարում Ստոկհոլմի օրենսդրական նախաձեռնությունները, վերջին տարիներին դրանց խստացմանն ուղղված աշխատանքները:

Նա նշել է, որ հուշագրի շրջանակում Շվեդիան համաձայնել է հուլիսի 1-ից խստացնել ահաբեկչական հանցագործությունների մասին օրենքը, ինչպես նաև հետաքննել և խոչընդոտել Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունը: Փաստաթղթում ընդգծվում է, որ հյուսիսային երկրները պարտավորվել են դիտարկել ենթադրյալ ահաբեկիչներին Թուրքիա արտահանձնելու Անկարայի խնդրագրերը:

Շվեդիան և Ֆինլանդիան նաև պարտավորվել են չեղարկել Թուրքիա ռազմական մատակարարումների էմբարգոն։

Սաուլի Նիինիստյո (Ֆինլանդիայի նախագահ) - Ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության այս փուլն ավարտվեց: Այժմ ակնկալում եմ արդյունավետ քննարկումներ դաշինքում մեր երկրի դերի վերաբերյալ։ Մենք լրջորեն ենք վերաբերվում Թուրքիայի մտահոգություններին և դատապարտում ենք ահաբեկչության բոլոր դրսևորումները։

Թուրքական կողմը նույնպես գոհ է Մադրիդում քառակողմ հանդիպման արդյունքներից։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմ - Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր: Հելսինկին և Ստոկհոլմը կգործակցեն Անկարայի հետ Քրդստանի աշխատավորական կուսակցության և նրա խմբավորումների դեմ պայքարում: Հակաահաբեկչական գործընթացներում հետախուզական տեղեկությունների փոխանակման նպատակով կստեղծվի գործակցության մեխանիզմ: Ֆինլանդիան և Շվեդիան իրենց հերթին կաջակցեն Թուրքիայի ներգրավմանը Եվրամիության անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության ընթացիկ և ապագա նախաձեռնություններին:

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ստոկհոլմը և Հելսինկին խոստացել են չաջակցել նաև Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու համար մեղադրվող Գյուլենի FETO կազմակերպությանը:

Իսպանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումը արդյունավետ է որակել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ենս Ստոլտենբերգը, սակայն, հստակեցրել է՝ մադրիդյան գագաթնաժողովն ընդամենը հրավեր է՝ միանալու դաշինքին. Շվեդիան և Ֆինլանդիան դեռ որոշակի ճանապարհ ունեն անցնելու մինչև կառույցին անդամակցությունը։

Ենս Ստոլտենբերգ (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) - Թուրքիան պատրաստ է աջակցել Ֆինլանդիային և Շվեդիային, նրանք էլ պատրաստ են աշխատել Անկարայի հետ։ Գագաթնաժողովից հետո նրանք կդառնան Դաշինք հրավիրված երկրներ, այնուհետև կառույցի անդամներում կմեկնարկի վավերացման գործընթացը։

Ստոլտենբերգը մանրամասնել է, որ վավերացումից հետո համապատասխան փաստաթղթերը կտրամադրվեն ԱՄՆ-ին, այդպիսով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու գործընթացը կավարտվի։

Գագաթնաժողովին մասնակցելու համար Իսպանիա է ժամանել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. նա ողջունել է հուշագրի ստորագրումը և հույս է հայտնել, որ կհանդիպի Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ի անվտանգության և երկկողմ գործակցության մի շարք հարցեր։

Գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ոգևորվածությունը չեն կիսում Շվեդիայում։ Svenska freds հակառազմական կազմակերպությունը համոզված է՝ համաձայնելով Անկարայի պահանջներին՝ Ստոկհոլմը թույլ է տալիս Թուրքիային, որը չի հարգում մարդու իրավունքները, վերահսկել Շվեդիայի արտաքին քաղաքականությունը։

Նշվում է նաև, որ Թուրքիա ռազմական արտադրանքի մատակարարման էմբարգոյի վերացման արդյունքում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից տառապող երկրները ստիպված են լինելու վճարել Շվեդիայի փոխզիջման գինը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում