Ադրբեջանը չի արձագանքել ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին. Նիկոլ Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր նախատեսված էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպում, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցելուց: Այդ մասին ԶԼՄ-ների և ՀԿ-ների հետ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը մինչև ասուլիսի մեկնարկը չի արձագանքել արդեն ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական բանակցային փաստաթղթերին, ապա, վարչապետի խոսքով, այս պահին սեղանին, բացի հրապարակվածից, որևէ այլ փաստաթուղթ չկա:

Անդրադառնալով խաղաղության բուն պայմանագրին և դրա ժամկետներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. 

«Դա շատ կարևոր հարց է, որովհետև մենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, այդ հարցը մի քանի անգամ քննարկել ենք և արձանագրել ենք, որ դեռ պետք է մեկտեղվեն պատկերացումները, թե ինչ ձևաչափով, ինչպիսի տեմպով, ընդհանրապես, խաղաղության պայմանագիրը ինչ դրույթներ պետք է ներառի, և պետք է ասեմ, որ շատ տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որտեղ փորձ է արվում ցույց տալ, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի բանակցությունները և հետագա ընթացքը: Որպեսզի դետալների մեջ շատ չխորանամ, պետք է ասեմ, որ այդ հայտարարություններից հետո ՀՀ ԱԳՆ-ից առաջարկ է գնացել Ադրբեջանի ԱԳՆ, որպեսզի տեղի ունենա ԱԳ նախարարների հանդիպում, և նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ»: 

Վարչապետը նշեց, որ նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրրբեջանի պաշտոնյաները միմյանց հետ կապի մեջ պետք է լինեն և պետք է շփումներ ունենան, որպեսզի հետագա աշխատանքները կազմակերպեն, բայց Ադրբեջանը արդեն առնվազն մեկ անգամ բոյկոտել է աշխատանքը և չի ներգրավվել աշխատանքներում, և նախորդ օրվա ԱԳՆ-ի կողմից հնչած առաջարկին պատասխան չի ստացվել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում