Եվրահանձնաժողովը կողմ է Կիևին և Քիշնևին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալուն. Թբիլիսին դժգոհ է

ՄՄերի Ներսիսյան

Եվրահանձնաժողովն այսօր ներկայացրել է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հայտերի կապակցությամբ իր եզրակացությունը: Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային շնորհել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանի մասին կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ երկիրն այժմ պետք է քաղաքականապես միավորվի՝ դեպի կառուցվածքային բարեփոխումներ և Եվրամիություն հստակ ուղի մշակելու համար:

Ուրսուլա ֆոն դեր Լայեն (Եվրահանձնաժողովի ղեկավար) Հանձնաժողովն առաջարկում է Խորհրդին առաջին հերթին` Ուկրաինային տալ եվրոպական հեռանկար, իսկ երկրորդը՝ Ուկրաինային տալ թեկնածուի կարգավիճակ՝ հասկանալով, որ երկիրը կիրականացնի մի շարք կարևոր բարեփոխումներ: Ուկրաինան հստակ ցույց է տվել երկրի ձգտումը և վճռականությունը՝ համապատասխանելու եվրոպական արժեքներին և չափանիշներին: Այս ուղին Կիևը բռնել էր մինչև պատերազմի մեկնարկը:

Լայենը հիշեցրել է, որ կառույցը Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր ունի դեռ 2016 թվականից, և երկիրը արդեն իսկ հասցրել է ապահովել ԵՄ կանոնների, նորմերի և ստանդարտների մոտավորապես 70 տոկոսը: Եվրահանձնաժողովի ղեկավարն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ Կիևը դեռ շատ անելիքներ ունի՝ օրենքի գերակայության, օլիգարխների, կոռուպցիայի դեմ պայքարի և հիմնարար իրավունքների ապահովման ուղղությամբ:

Ուրսուլա ֆոն դեր Լայեն - Մենք բոլորս գիտենք, որ ուկրաինացիները պատրաստ են մեռնել` հանուն եվրոպական հեռանկարի. մենք, սակայն, ցանկանում ենք, որ նրանք ապրեն մեզ հետ՝ եվրոպական երազանքով:

Եվրոպական երազանքով ապրելու հեռանկարին շատ մոտ է նաև Մոլդովան: Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այդ երկիրը հստակ բարեփոխումներ է իրականացնում, այդ թվում` հակակոռուպցիոն ոլորտում:

«Մենք կարծում ենք, որ Մոլդովան ունի չափանիշներին համապատասխանելու ներուժ», շարունակել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻՆ. ԹԲԻԼԻՍԻԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Եվրոպական կառույցում կարծում են, որ ավելի շատ ավելի անելիքներ ունի Վրաստանը:

Ուրսուլա ֆոն դեր Լայեն - Վրաստանն այժմ պետք է քաղաքականապես միավորվի: Մենք առաջարկում ենք Վրաստանին տրամադրել եվրոպական հեռանկար, իսկ հետագայում թեկնածուի կարգավիճակ տալուց առաջ գնահատել՝ արդյոք այդ երկիրը բավարարում է մի շարք պայմանների:

Եվրահանձնաժողովի որոշմանը Թվիթերի իր էջում անդրադարձել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսին դրական է գնահատել եզրակացությունն ու նշել, որ ԵՄ անդամակցության ճանապարհին սա առաջին քայլն է, որը երկիրը կմոտեցնի հաղթանակի: Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Եվրամիության պետությունների և կառավարությունների գագաթնաժողովը դրական արդյունք կունենա:

Արձագանքել է նաև Քիշնևը: Մոլդովայի նախագահը դրական է գնահատել Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։

«Սա կարևոր ազդանշան է մեր երկրի ու մեր քաղաքացիների համար»,- նշել է Մայա Սանդուն` վստահեցնելով, որ Մոլդովան լրացուցիչ ջանքեր կգործադրի արդեն իսկ սկսված բարեփոխումներն առաջ մղելու համար:

Եվրահանձնաժողովի որոշումը հիասթափեցրել է Թբիլիսիին: Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը մատնանշել է, թե ինչն է խանգարել Վրաստանին ԵՄ թենածուի կարգավիճակ ձեռք բերելու համար:

Իրակլի Կոբախիձե (Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար) Եվրոպացի առաջնորդները մեզ նախապես ուղղակիորեն հասկացրել են, որ աշխարհագրական դիրքը նույնպես խանգարում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։ Թեև թեկնածուի կարգավիճակը երկրին ֆինանսական կամ նյութական որևէ արտոնություն չի տալիս, սակայն այս փուլում այդ կարգավիճակը չստանալն, այնուամենայնիվ, հիասթափեցնող է։ Մենք հասկանում ենք, որ Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, այսօր անհրաժեշտ զոհողությունների չի գնացել այս կարգավիճակը ստանալու համար։ Մենք հասկանում ենք, որ 14 և 30 տարի առաջ գրանցված զոհերը, արյունահեղությունը և 300 000 տեղահանվածներն այսօր, ցավոք, կորցրել են իրենց արդիականությունը մեր եվրոպացի գործընկերների համար:

Լայենի հայտարարությունից հետո Եվրահանձնաժողովը հրապարակել է 12 պայման, որոնք Թբիլիսին պետք է բավարարի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին՝ պայքար քաղաքական բևեռացման, օլիգարխիայի, կոռուպցիայի դեմ, դատական համակարգի բարելավում, լրատվամիջոցների խոսքի ազատության և անկախության ապահովում և այլն:

ԵՄ առաջնորդները Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին: Թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշմանը պետք է կողմ հանդես գան բոլոր 27 անդամ երկրները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում