Տասնամյակներով գոյություն ունեցող պայմանավորվածությունները դադարում են գործել. Զասը՝ Երևանում

ԱԱնուշ Մուրադյան

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակն ու աշխարհում անվտանգության գլոբալ մարտահրավերները ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների օրակարգային կարևոր հարցերից են:

Երևան ժամանած պաշտոնյաները կլոր սեղանի շուրջ նստեցին նախ նեղ կազմով, փակ նիստը տևեց ժամից ավելի: Տարածաշրջանը դեռևս լի է մարտահրավերներով, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերություններով ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով՝ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի վերջին խախտումը: Դա մայիսի 28-ին էր, շարքային Վարդանյանի կյանքը փրկել չհաջողվեց:

ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ներկայացրելով Հայաստանի տեսակետները ու մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ՝ Գրիգորյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցին: Հակամարտությունը դեռևս լուծված չէ, և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ դիմելով գործընկերներին՝ շեշտեց հայ պաշտոնյան: Անդրադառանալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նա նկատեց՝ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը: ԱԽ քարտուղարը նորից վերահաստատեց՝ միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի Հայաստանի տարածքում գոյություն ունենալ չի կարող, միջանցքի մասին որևէ հիշատակում չկա նաև Փաշինյանի-Պուտինի-Ալիևի՝ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ. ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Փակ հատվածից հետո կողմերն արդեն ընդլայնված կազմով նիստ գումարեցին: Պատվիրակությունների ստորագրմանը ներկայացվեց 6 փաստաթուղթ: Երբ բոլոր՝ 6 անդամների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղարների ստորագրությունն արդեն դրված էր, աշխատանքներն ամփոփեցին նախագահողն ու կազմակերպության գլխավոր քարտուղարը: Հոբելյանական տարում, երբ նշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30-ամյակը և ՀԱՊԿ-ի հիմնադրման 20-ամյակը, աշխարհում մարտահրավերներն աճում են՝ ընդգծեց Արմեն Գրիգորյանը՝ մամուլի համար հայտարարության ժամանակ:

Արմեն Գրիգորյան (ՀՀ ԱԽ քարտուղար) - Նիստն անցկացվում է ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Բնականաբար, տվյալ գործոնը պահանջում է ժամանակին և արդյունավետ որոշումների ընդունում՝ ուղղված այդ մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացմանը և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովմանը:

ՀԱՊԿ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Կազմակերպությունը պատրաստ է իր շահերի պաշտպանությանը՝ հայտարարեց Ստանիսլավ Զասը՝ նշելով՝ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները անդամների խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով: Գլխավոր քարտուղարի բնորոշմամբ՝ միջազգային անվտանգության համակարգն այսօր ճգնաժամային իրավիճակում է:

Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարուղար) - Տասնամյակներով գոյություն ունեցող պայմանավորվածությունները փաստացի դադարում են գործել, իսկ անվստահության մակարդակը մի շարք առաջատար խաղացողների միջև մոտենում է կրիտիկական նշագծին: Ընդ որում՝ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության հետևանքով սրման միտումներ են ցույց տալիս:

ՀԱՊԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, բելառուսցի քարտուղարի խոսքով, մնում է նույնը՝ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Կազմակերպությունն այդ կոչով դիմում է բոլոր ուժերին՝ ասաց Ստանիսլավ Զասը: Նա կարևորեց մարտահրավերների դիմագրավման գլխավոր գործիքներից մեկը՝ հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կարողությունների զարգացումը, նաև հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների փոխգործակցությունը: Զասն անդրադարձավ նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցին, որն, ըստ նրա, Հայաստանի նախագահության առաջանհերթություններից է, ասաց՝ այժմ պատրաստում են ու աշնանային նստաշրջանում կներկայացնեն նոր փաթեթը:

Այսօրվա նիստի արդյունքով, ըստ կողմերի, մշտական կարգավիճակ է տրվելու վարձկան օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը, հակաահաբեկչական միջոցառումների ծրագիրը ներկայացվելու է երկրների ղեկավարների հավանությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում