Մոսկովյան բորսայում առևտուր կիրականացվի նաև հայկական դրամով

ԱԱրսեն Մկրտչյան

Շուտով մոսկովյան բորսայում առևտուր կիրականացվի նաև հայկական դրամով՝ հայտարարել է բորսայի արժութային շուկայի դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Սկաբելին։ Բացի հայկական դրամից՝ նախատեսվում է առևտուր իրականացնել նաև ուզբեկական սումով և էմիրաթական դիրհամով: Սկաբելին հայտարարել է, որ նշված արժույթների նկատմամբ հետաքրքրություն են տեսնում և հասկանում են, որ դրանք կունենան իրացվելիություն: Մասնագետների կարծիքով՝ այստեղ 2 գործոն կա. առաջինն այն է, որ Ռուսաստանից կապիտալի արտահոսք է եղել, և ամեն ինչ անում են դա վերադարձնելու համար:

Աշոտ Խուրշուդյան (տնտեսագետ) - Մյուս կողմում, այո, դրամի՝ ԱՊՀ շուկայում կայունությունն է և կայուն հիմքեր ունենալը: Մենք վարակված չենք նավթային արտահանող երկրների հիվանդությամբ, ածանցյալ ազդեցություն կրում ենք մեր հիմնական գործընկեր Ռուսաստան երկրից, բայց բուն Հայաստանը չունի այդ խնդիրը, և էդ առումով դրական է:

«Լուրերի» հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկից մեկնաբանեցին, որ այլ երկրում ազգային արժույթի նկատմամբ հետաքրքրության աճը և արդյունքում՝ բորսաներում, արտաբորսայում և տարբեր առևտրային հարթակներում ազգային արժույթով գործարքների իրականացումը մեծացնում է տվյալ արժույթի փոխարկելիությունը: Հայկական դրամի փոխարկելիության հնարավոր աճը դրական է գնահատվում:

ՀՀ կենտրոնական բանկ - Փոխարկելիության աճը թույլ է տալիս տնտեսվարողներին՝ ավելի սահուն ապահովել առևտրի շրջանառությունը, նաև թույլ կտա արտահանողներին՝ ապրանքները վաճառել ազգային արժույթով: Միաժամանակ, սրանով կարող են ակտիվանալ ոչ միայն հենց բուն հայկական դրամով գործարքների ծավալները, այլ նաև սա լավ հնարավորություն է, որ ձևավորվեն համապատասխան արժութային ածանցյալ գործիքներ:

Շատ ավելի կարևոր է, երբ քո երկրում ձևավորված ֆինանսական շուկայում են այլ երկրների արժույթներ ցուցակագրվում՝ նշում են մասնագետները: Դրամի կայունության տեսանկյունից իրադարձությունը կարևոր է, սակայն մեծ սպասումներ ևս չպետք է ունենալ:

Աշոտ Խուրշուդյան - Եվրո-դոլար հասկացությունը ոնց որ եվրո-դրամ դառնա: Դա միայն դոլարին է վերաբերում, մնացած բոլոր արժույթները, նույնիսկ եթե այլ երկրներում դրանք ցուցակագրվում են, էդ մասշտաբը, էդ ծավալը, որպեսզի ազդեցություն ունենա... Որովհետև, ի պատասխան դրա, կարող են ասել՝ ինչ լավ է՝ կարող ենք լրացուցիչ դրամ թողարկել, և ինֆլյացիան Հայաստանում չլինի, բայց այդպես չի լինելու, այդպիսի բացառիկ արժույթ միայն ԱՄՆ դոլարն է:

Մոսկովյան բորսայում առևտուր է իրականացվում ամերիկյան դոլարով, եվրոյով, չինական յուանով, բրիտանական ֆունտով, շվեյցարական ֆրանկով, հոնկոնգյան դոլարով, բելառուսական ռուբլով, թուրքական լիրայով, ճապոնական իենով, շատ շուտով՝ նաև հայկական դրամով։

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում