Սպասարկման ծախսերի կրճատման համար քննարկվում է պետական մեքենաները էլեկտրամոբիլներով փոխելու հարցը

ԼԼիլիթ Ասատրյան

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ. ՄԻՊ

Բողոքի ակցիաներին երեխաների մասնակցությունը, Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ, կարող է հանգեցնել նրանց թիրախավորման և կիբեռբուլինգի: Քրիստիննե Գրիգորյանը խնդրին անդրադարձավ Ազգային ժողովում պետական բյուջեի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ` պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հարցին:

Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Երեխաների կարծիքի ազատ արտահայտման, գիտակցված, տեղեկացված հավաքներին մասնակցության իրավունքը, այո, բխում է լավագույն շահից, բայց նաև պետք է հասկանանք, որ այդ լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասակների կողմից՝ իրենց կարծիքն արտահայտելու համար:

Հակոբ Արշակյանն ընդգծեց՝ վերջին օրերին արձանագրվել են դեպքեր, երբ ատելության խոսքն արտաբերվել է երեխաների շուրթերով: Դատապարտելով տեղի ունեցածը՝ ՄԻՊ աշխատակազմին խնդրեց ուշադրության կենտրոնում պահել նման դեպքերը:

Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Դժվար թե մարդիկ իրենց երեխաներին չարամտորեն սխալ բաներ սովորեցնեն: Հավանաբար բարեկրթության, կրթության, գիտելիքի պակասի հարց է, մենք պիտի հետևողական ջանքեր գործադրենք, որպեսզի երեխաները չօգտագործվեն ատելության խոսքի քարոզի մասով:

ՈՐՈՇ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարողականի քննարկումից հետո խոսափողին մոտեցավ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հայտնեց՝ որոշ ծրագրերում կարողացել են ծախսերի օպտիմալացում իրականացնել:

Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել, մասնավորապես` ավտոպարկի օպտիմալացման առումով, և մաքսիմալ չակերտավոր բալաստներից փորձում ենք հրաժարվել:

Վառելիքի գների աճը նկատել են նաև Կառավարությունում, սպասարկման ծախսերը կրճատելու համար քննարկում են պետական մեքենաները էլեկտրամոբիլներով փոխարինելու հարցը:

Արայիկ Հարությունյան - 900 մեքենաների գերակռիշ մեծամասնությունն արդեն հնամաշ է և փոփոխության ենթակա:

ՊՎԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայությունն էլ շարունակում է ուսումնասիրությունները պետական կառույցներում: Կառույցի ղեկավարի խոսքով՝ ՊՎԾ աշխատակիցներն այս պահին վերահսկողական գործառույթ են իրականացնում 50-ից ավելի կառույցներում:

Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար) - Շուրջ 1/3-ը ուսումնասիրություններն են, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարականով, և շուրջ 2/3-ը մշտադիտարկումներն են, որոնք իրականացվում են ծառայության ղեկավարի նախաձեռնությամբ:

Ռոմանոս Պետրոսյանը նշում է՝ ուսումնասիրությունները երբեմն կարող են տևել մի քանի ամիս: Բերում է Երևանի քաղաքապետարանի օրինակը: Այնտեղ ՊՎԾ-ն աշխատանքները սկսել է 5 ամիս առաջ:

Ռոմանոս Պետրոսյան - Ուսումնասիրվում են մի քանի հազար փաստաթղթեր՝ գնման գործընթացների, քաղաքաշինության, հողաշինության, սեփական եկամուտների հավաքման, գույքահարկի, հողի հարկի և տեղական տուրք ու վճարների գանձման գծով, դրանց օրինականության և նաև արդյունավետության նկատմամբ վերահսկողություն է իրականացվում: Ուսումնասիրությունն արդեն ամփոփման փուլում է, շուտով նաև կարծիքը կստանանք վերահսկվող օբյեկտի:

2021-ԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ՄՈՏ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ. ՔԿ

Քննչական կոմիտեի կատարողականը ներկայացրեց կառույցի ղեկավարի տեղակալ Արսեն Այվազյանը, հայտնեց՝ 2021 թվականին ձերբակալել են 806 կասկածյալի: 1625 մեղադրյալի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, բավարարվել է 1386-ը: Այվազյանը ներկայացրեց նաև պետությանը պատճառված և վերականգնված գույքային վնասի ցուցանիշները:

Արսեն Այվազյան (ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ) - 2021 թվականի ընթացքում ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է մոտ 3 միլիարդ դրամ, 2020 թվականին այն կազմել է մոտ 2,8 միլիարդ դրամ, որից վերականգնվել է 699 միլիոն դրամը, իսկ 2020-ին ՝մոտ 1 միլիարդ դրամը: 2021 թվականին կալանք է դրվել մեղադրյալների՝ մոտ 2 միլիարդ դրամ արժողությամբ գույքի վրա, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է մոտ կես միլիարդ:

Խորհրդարանի մշտական հանձնաժողովները համատեղ նիստերում բյուջետային քննարկումները կշարունակեն հունիսի 3-ին:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում