Ընդդիմությունը, չկարողանալով որևէ ապօրինություն պարզել, մնաց շահարկումների դաշտում. քննարկում ԱԺ-ում

ԱԱրսեն Մկրտչյան

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների լիազորությունների ժամկետը 6 ամսից դարձնել մեկ տարի: Խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրից» Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Գործող կարգավորմամբ՝ քննիչ հանձնաժողովների գործունեությունը 6 ամիս է, որը կարող է մեկ անգամ՝ հանձնաժողովի առաջարկությամբ և խորհրդարանի որոշմամբ երկարաձգվել ևս 6 ամսով:

Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) -  Վերջինս խնդրահարույց է, քանի որ փորձը ցույց տվեց, որ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովները ևս 6 ամսով երկարաձգեցին հանձնաժողովի լիազորությունները, ինչը նույնիսկ այս դեպքում բավարար չեղավ քննիչ հանձնաժողովի բուն նպատակի հիմնավորմանը:

2018-2022 թթ. ընթացքում Ազգային ժողովում 11 քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որից 5-ի գործունեության ժամկետը երկարաձգվել է՝ հիշեցրեց պատգամավորը:

Սերգեյ Բագրատյան - Նախկին պաշտոնյաներին, երբ քննիչ հանձնաժողովը հրավիրում է նիստերի, փորձում են խուսափել, որովհետև կոնկրետ վերաբերում է իրենց գործունեությանը: Նրանք, չմասնակցելով քննիչ հանձնաժողովի գործունեությանը, փորձում են երկարաձգման ժամկետն ավարտել ու դրանով խուսափել պատասխանատվությունից:

Պատգամավորներն արձանագրեցին՝ քննիչ հանձնաժողովների աշխատանքը շատ անգամ երկարաձգվում է, քանի որ համապատասխան ռեսուրսների բացակայության պատճառով չեն կարողանում տարբեր փորձագետների հրավիրել:

Մի քանի քննիչ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նկատեց. «Ուզում է 6 ամիս լինի, ուզում է 1 տարի, 2 տարի լինի, մեր քննիչ հանձնաժողովները չեն կարող օբյեկտիվ աշխատել այլ օբյեկտիվ պատճառներով: Օրինակ՝ եթե քրեական գործ է քննվում, քննիչ հանձնաժողովի աշխատանքները սահմանափակվում են, ու անելիք չի մնում: Եկեք այս օրենքի ընդունումից բացի, միասին մտածենք, որ քննիչ հանձնաժողովներն իսկապես աշխատեն, որովհետև եթե դրանք չեն աշխատելու, ավելի լավ է ինստիտուտը վերացնել, քանի որ արժեզրկում է ԱԺ աշխատանքը, որ մի բան անում ես, վերջում ոչ մի բանի չես հասնում»:

Պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանն արդեն հարակից զեկուցող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին առաջարկեց անցումային դրույթներով հնարավորություն տալ 44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի գործունեության վրա ևս տարածել նախագծով առաջարկվող փոփոխությունները: Նա նշեց, որ 10 հազարից ավելի փաստաթուղթ են ուսումնասիրում:

Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ) -  44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման առնչությամբ մենք 10 հազարից ավելի փաստաթղթերի հետ ենք առնչվում, իսկ սա դեռ փաստաթղթերն է, հրավիրյալների փուլը դեռ չենք սկսել, պատկերացնո՞ւմ եք ծավալը:

Իշխանության ներկայացուցիչներն անդրադարձան ընդդիմության առաջարկով ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի` պատերազմի ժամանակ հանգանակած միջոցների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի գործունեությանը` նշելով, որ ընդդիմությունը, չկարողանալով որևէ ապօրինություն պարզել, մնաց միայն շահարկումների դաշտում:

Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - 6 ամիս հանձնաժողովն աշխատեց, ու 6 ամսվա ընթացքում որևէ մեկ լումայի թալանի դեպք չի արձանագրել: Կա՞ որևէ դեպք, եթե լիներ, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կասեին, որ 6 ամսվա ընթացքում բացահայտել են դրամի «թալանի» դեպք»:

Ըստ նրա՝ ընդդիմությունը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, առաջարկեց երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը, ինչին իշխանությունը համաձայնեց, քանի որ պատրաստ են այս հարցում մինչև վերջ գնալու:

Գևորգ Պապոյան - Ընդդիմությունը չի գալիս ԱԺ, չի գալիս աշխատանքի և չի փորձում այնպես անել, որ իրենց մատնանշած «թալանը» բացահայտվի: Ինչո՞ւ՝ շատ պարզ, որովհետև ԱԳՆ-ում մանր խուլիգանություն անելու մեջ ավելի շատ բովանդակություն կա, քան իրենց ստեղծած հանձնաժողովի նպատակահարմարության մեջ:

Նախագիծը երկար քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները կրկին ներկա չէին նիստերին:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում