Վարչապետը ներկա է եղել ԱՆԻՖ-ի եռամյա զեկույցի ներկայացմանը

ՄՄուշեղ Իսախանյան

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 3 տարեկան է: Այս ընթացքում նպաստել է, որպեսզի Հայաստանում կատարվի 214 մլն դոլարի ներդրում. դրա 9 տոկոսը կառույցն է տրամադրել, մնացածը գործարար համայնքի միջոցներն են:

Դավիթ Փափազյան (ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն- Ճիշտ սկիզբը դրվել է, կան կաղապարից դուրս և բավականին հավակնոտ ծրագրեր, որոնց սկիզբը դրվել է:

Այս ծրագրերից ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը երկուսն է առանձնացնում՝ «Մասդար» ընկերության հետ գործակցությամբ 200 մվտ հզորությամբ «Այգ 1» ֆոտովոլտային կայանը, որ 2025-ից կսկսի էլեկտրաէներգիա արտադրել ու վաճառել մոտ 14 դրամով: ԱՆԻՖ-ինն է բաժնետոմսերի 15 տոկոսը: Երկրորդ ծրագիրը «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաուղիների ստեղծումն է:

ԱՆԻՖ-ի համար սկզբունքային կարևոր ճյուղ է ձեռնարկատեր + պետություն գործակցությունը:

Դավիթ Փափազյան - Ծրագրի սահմաններում հատկացվելու է մինչև 50 մլրդ դրամ՝ սեփական կապիտալի մեջ ներդրում անելու համար: Ինչ է նշանակում սեփական կապիտալ, և ինչով է տարբերվում բանկային վարկային կապիտալից: Դա վերաբերում է ձեռնարկատիրական ամենառիսկային ու ամենակարևոր կապիտալային շերտին, որը սեփական փողն է:

Գաղափարը հետևյալն է` ձեռնարկատերը պիտի պատրաստ լինի կիսելու պետության հետ ռիսկը, և պետությունը, իր կողմից, բնականաբար՝ նմանապես: Բոլոր տեսակի ռիսկերի մասին է խոսքը:

Պետությունն այս ծրագրով ներդնում է կես միլիոնից մինչև 4 մլն դոլար, դրա դիմաց ստանում է 25-49 տոկոս մասնաբաժին: Արդեն 6 ընկերությունում ներդրվել է 10 մլն դոլար: Վարչապետը բացատրեց՝ ինչն էր պատճառը, որ, անկախ դժվարություններից, հիմնադրամը ստեղծելու որոշում կայացվեց:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ- Որովհետև և՛ պետական կառավարման համակարգում, և՛ տնտեսության մեջ տեսնում ենք, որ ամենակարևորն է ունենալ վճռականություն՝ իներցիաները հաղթահարելու համար: Որովհետև եթե մենք այդ վճռականությունը և քաղաքական կամքը չցուցաբերենք, մեզ ընդամենը կմնա դիտորդի նման հետևել, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսության հետ, ինչ ազդեցություններ կան, և դրանով ընդամենը վիճակագրություն վարել: Բայց ԱՆԻՖ-ը ստեղծվել է հենց այն նպատակով, որ հաղթահարի իներցիան և փորձի նոր ընթացք ապահովել մեր տնտեսության համար, նոր տրամաբանություն, նոր տրամադրություն բերել:

Ըստ վարչապետի` նման կարևոր քայլերից էր նաև 2018-ին համահարթ եկամտային հարկ ներդնելու որոշումը, որի ժամանակ ևս շատ էին քննադատությունները:

Նիկոլ Փաշինյան - Ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը մեծ է նախկինում եղած բոլոր ժամանակներից: Սովորաբար, մենք վերջին այդպիսի ռեկորդը համարում ենք 2021 թվականի դեկտեմբերը, որն ավանդաբար ամենաբարձր աշխատատեղ ունեցող ամիսն է, բայց արդեն ապրիլին մենք 5000-ից ավելի աշխատատեղով գերազանցել ենք նախորդ ռեկորդը, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ այսօր 123.310-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը ոչ միայն գրանցված, այլև աշխատավարձով վճարվող աշխատատեղերի մասին է, որովհետև կան աշխատատեղեր, որոնցից եկամտային հարկ չի գեներացվում:

Ժամանակին շատ էր քննարկվում նաև ռիսկը, որ հնարավոր է բյուջեից եկամուտներ կորցնել, շարունակում է Կառավարության ղեկավարը, բայց նախորդ տարի 2018-ի համեմատ 120 մլրդ դրամով ավելի եկամտային հարկի հավաքագրումներ են եղել՝ ընդգծում է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան - Ի հեճուկս ամեն ինչի` կարծես թե մեր երկրում տնտեսական տրամադրությունը վատ չէ, որովհետև առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 8.6 տոկոս իրական աճ, իսկ Հայաստանում նախորդ տարվա համեմատ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք հավելյալ 574 միլիարդ դրամի առևտրաշրջանառություն: Սա ցույց է տալիս, որ որոշակի տրամադրություն կա: Հույս ունենք, որ ԱՆԻՖ-ի ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ գնալով ավելի ու ավելի տեսանելի կլինի, իհարկե՝ դրական և լուսավոր ցուցանիշներով:

ԱՆԻՖ-ի իրականացրած ծրագրերը Հայաստանի տնտեսությանը հաղորդում են որակական փոփոխություններ՝ ընդգծում է հիմնադրամի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:

Տիգրան Ավինյան (ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ- Այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են ԱՆԻՖ-ի կողմից, Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ, նոր հնարավորություններ, տնտեսական ակտիվության նոր ալիք։ Կառավարություններից և խոշոր ներդրումային ընկերություններից արագ գործողություններ են պահանջվում նորարարական, գիտելիքահենք, կանաչ ոլորտների զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում, վստահ եմ, որ ԱՆԻՖ-ը կշարունակի հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը՝ էապես նպաստելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը:

ԱՆԻՖ-ը մոտ օրերս կհայտարարի ևս մեկ նախագծի մեկնարկի մասին. Հայաստանում կստեղծվի առաջին ներդրումային քրաուդֆանդինգային հարթակը: Այն հնարավորություն է տալու ներդրումներ ներգրավել նաև առցանց տիրույթում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում