Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահի հանդիպումներն ու օրակարգը

ՎՎարդան Հովսեփյան

ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ. ՎԱՐՉԱՊԵՏ

«Երկկողմ այցերն ու հարաբերությունները որոշակի դինամիկա են ստացել, որը պետք է պահպանենք»,- պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը նշում է Հայաստանի վարչապետը, հիշում իր վերջին այցը Լիտվա, որով, Նիկոլ Փաշինյանի խոսքով, շատ կարևոր երկխոսություն սկսվեց, որը պետք է շարունակվի։

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարծում եմ՝ կքննարկենք երկկողմ հարաբերություններին և միջազգային, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ և օրակարգ: Ուրախ կլինեմ լսել Ձեր գնահատականները և տեսակետները ընթացիկ իրավիճակի, երկկողմ հարաբերությունների, միջազգային զարգացումների և, իհարկե, նաև մեր տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ:

Լիտվայի նախագահի պատվիրակության կազմում են ոչ միայն իր խորհրդատուները, այլև տրանսպորտի և գյուղատնտեսության փոխնախարարները: Գիտանաս Նաուսեդան ընդգծում է՝ ցանկանում է երկկողմ հարաբերությունների տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներին նոր շունչ հաղորդել։

Գիտանաս Նաուսեդա (Լիտվայի նախագահ) - Շատ կարևոր է գտնել շուկայում այն կետերը, որտեղ իսկապես կկարողանանք աշխատել, և կարծում եմ, հաշվի առնելով փաստը, որ Լիտվան անցում է կատարում ավելի բարձր ավելացված արժեք ունեցող տնտեսության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ կլինեն:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները, ընդգծել՝ Հայաստանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել:

Վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:

Լիտվայի նախագահի պատվիրակությանը նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահն է ընդունել: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկկողմ գործակցությունը` առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ հետագա գործակցությանն առնչվող հարցեր:

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Իսկ Բաղրամյան 26-ում Լիտվայի նախագահին Հայաստանի պաշտոնակիցն է դիմավորել:

Հայաստանի և Լիտվայի պետական օրհներգերից հետո տեղի է ունեցել նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ Լիտվայի պաշտոնակցի այցը նաև լավ հնարավորություն է, որ ուղիներ գտնեն եղած ներուժն օգտագործելու համար՝ ամրապնդելով և զարգացնելով դարավոր բարեկամական կապերը:

Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Համոզված եղեք, որ Լիտվան մեր երկրի, մեր քաղաքացիների շրջանում համարվում է իսկապես բարեկամական երկիր: Մենք ձեր անցած ճանապարհը, ձեր պատմությունը շատ լավ գիտենք, և այդ պատմության մեջ մենք շատ նմանություններ ունենք: Լինելով փոքր երկրներ` մենք միշտ պայքարել ենք մեր անկախության, ազատության համար: Դա մեր ժողովուրդների գլխավոր նպատակն է եղել, և մենք հասել ենք մեր նպատակներին, և այսօր հնարավորություն ունենք որպես անկախ պետություններ կերտել մեր ապագան:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Իր այցի նպատակը Նաուսեդան երկկողմ հարաբերությունների ամրապնդումն է համարում, որ մեր երկրները փորձեն միմյանց ավելի լավ հասկանալ: Լիտվայի նախագահը նաև ներկայացնում է ավելի վաղ Բաքու այցի մանրամասները:

Գիտանաս Նաուսեդա - Նախքան Հայաստան գալը եղել եմ նաև Ադրբեջանում: Այնտեղ փորձել ենք հասկանալ իրենց դիրքորոշումը, այստեղ արդեն փորձում ենք հասկանալ ձեր մոտեցումները: Երկխոսությունն ու փոխըմբռնումը շատ կարևոր են, քանի որ առաջ շարժվելու այլ ճանապարհ չկա:

Հանդիպումից հետո նախագահները, ամփոփելով քննարկման արդյունքները, լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարություններով: Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ լիտվացի գործընկերոջ հետ քննարկել է նաև տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Վահագն Խաչատուրյան - Լիտվայի և Հայաստանի ջանքերն այս հարցում նույնական են: Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը:

Խոսքի սկզբում նախագահ Նաուսեդան հիշեցրել է՝ 1991-ին Լիտվան առաջին երկիրն էր, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը: Լիտվայի նախագահը ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը հատկապես արդարադատության համակարգում, շեշտելով՝ Վիլնյուսը ցանկանում է, որ Երևանը շարունակի ժողովրդավարության այս ճանապարհը, որ կնպաստի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նաուսեդան անդրադարձել է նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների հարցին:

Գիտանաս Նաուսեդա - Լիտվան օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը նույնպես դրան են ուղղված:

Ի պատիվ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և տիկին Դիանա Նաուսեդիենեի՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և տիկին Անահիտ Մինասյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Այցի շրջանակում Լիտվայի նախագահը եղել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մարդկության պատմության մութ պահ է Հայոց ցեղասպանությունը, որը երբեք չպետք է մոռացվի: Հիշատակը հավերժ է»,- թվիթերում գրել է Գիտանաս Նաուսեդան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում