ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, հիմնական ու առանցքային սուբյեկտն է. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում անցկացվեց Ժողովրդավարության առաջին հայկական ֆորումը: Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ու «Ֆրի-դըմ Հաուսի» նախաձեռնած համաժողովին բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծեց՝ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է, և մեր երկիրը ճիշտ վայրն է ժողովրդավարության ֆորում անցկացնելու համար: Վարչապետը նաև նշեց՝ Հայաստանում քաղաքացին է ժողորդավարության առանցքային երաշխավորը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ, և ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը, և ես կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը ՀՀ-ում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է և անկյունաքարն է:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խնդիր է դրված ապացուցելու՝ ժողովրդավարությունն ի վիճակի՞ է պահպանել երկրի արտաքին և ներքին անվտանգությունը:

Նիկոլ Փաշինյան - Այս առումով ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ընդհանրապես, վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը: Ոմանք դա մեկնաբանում են, որ բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Ես և մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին, տեղեկատվությանը և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պետք է կայացնի:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ դահլիճում կան մարդիկ, որոնց հետ տարբեր ժամանակներում պայքարել է Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար, հավելեց՝ այժմ ժողովրդավարությունն ամրապնդելու համար կարևոր է համախմբվել խաղաղություն բերելու առաքելության շուրջ:

Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ մեկը առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ, և ես առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ կա քաղաքական իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որն այս առաքելության շուրջ համախմբված է, և ես կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, Հայաստանում ևս ժողովրդավարության ուղին հարթ չի ընթանում՝ ասաց Փաշինյանը: Վարչապետն առաջին խնդիրը համարում է ժողովրդավարության օգտագործումն ընդդեմ ժողովրդավարության:

Նիկոլ Փաշինյան - Դա այն երևույթն է, երբ ժողովրդավարական սկզբունքներն օգտագործվում են ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Իմ մեծագույն համոզմունքն է, որ այս մարտահրավերը հաղթահարելու լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է և պետական ինստիտուտների ժողորդավարացումը՝ բառիս՝ բոլորիս հայտնի իմաստներով:

Վարչապետը կարևոր է համարում նաև դատական համակարգի բարեփոխումը՝ օբյեկտիվ որակելով քննադատությունները, որոնք գալիս են ոլորտում բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար:

ՀՀ-Ն ԱՆՑՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԼԻԳԱ

Խնդիրների մասին խոսելիս, սակայն, վարչապետն ընդգծում է նաև հաջողությունները, նշում՝ 2021 թվականի արդյունքներով Հայաստանը, միջազգային զեկույցների համաձայն, ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն:

Նիկոլ Փաշինյան - Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության երկրորդ կամ առաջին լիգայից անցում է կատարել դեպի ժողովրդավարության բարձրագույն լիգա: Հաջորդը մամուլի ազատության ցուցիչն է, որտեղ ՀՀ-ն 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում, և այդ առաջընթացը շարունակվելու է: Բայց մենք պետք է նաև հոգ տանենք, և այս խնդրի հետ նույնպես բախվում են բազմաթիվ ժողորդավարական երկրներ, որ մենք կարողանանք մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը զարգացնել այն աստիճան, որ նրանք ի վիճակի լինեն, առանց վարչական լրացուցիչ գործոնների, սուտ տեղեկատվությունը տարբերել իրական տեղեկատվությունից: Եվ այստեղ էլ մենք քաղաքական խնդիր ունենք և պետք է կարողանանք լուծել այդ խնդիրը՝ լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտը պետք է կայանա, որովհետև մարդիկ իմանան՝ որտեղից է բխում տեղեկատվությունը և ինչ նպատակ այն կարող է ունենալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև որոշ խմբերի հայտարարություններին, թե ժողովրդավարության ճանապարհով Հայաստանում իշխանության հասած քաղաքական թիմը փորձում է հաստատել բռնապետություն և քաղաքական բռնաճնշումներ իրականացնել:

Նիկոլ Փաշինյան - Բռնապետության ձգտող երկրներում բանտային բնակչությունը խտանում է և ոչ թե նոսրանում, բանտային բնակչությունը շատանում է, ոչ թե պակասում: Մենք այս ընթացքում երկու քրեակատարողական հիմնարկ ենք փակել երկու պատճառով. առաջինը՝ որ այդ քրեակատարողական հիմնարկների անհրաժեշտությունը չկա, և երկրորդը՝ որ այդ քրեակատարողական հիմնարկները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք մենք ուզում ենք ունենալ:

ՀՀ-ԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՎԻԿՏՈՐԻՆ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարն ընդգծեց՝ վերջին տարիներին Հայաստանը բախվել է կորոնավիրուսի համավարակին, 44-օրյա պատերազմին, որոնք կարող էին ազդել երկրի ժողովրդավարության վրա:

Անդրեա Վիկտորին (Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար) - Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները, հաշվի առնելով՝ համավարակի ժամանակ խորհրդարանի գործունեությունը, մամուլի բազմակարծությունը և Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը, որն ազատ, մրցակցային, թափանցիկ և լավ կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին 2021 թվականին, չնայած նախապատրաստական կարճ ժամկետին և համաշխարհային առողջապահական ճգնաժամին: Ընտրությունների ժամանակ Հայաստանն արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ շարունակելու ժողովրդավարության և բարեփոխումների ուղին:

Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Եվրամիությունն աջակցում է Հայաստանին՝ ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները՝ եզրափակեց Վիկտորինը: «Ֆրիդըմ Հաուսը» ևս Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում զարգացում է արձանագրել: Կազմակերպությանը, սակայն, անհանգստացնում է զրպարտության քրեականացման խնդիրը:

Մարկ Բեհրենդտ (Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն) - Կարող է սահմանափակել արտահայտման և մտքի ազատությունը Հայաստանում: Շատ կարևոր է, որ Կառավարությունն ու Ազգային ժողովը լսեն այս քննադատությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄՆ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության, ժողովրդավարության օրակարգում բարեփոխումների իրականացման ճանապարհին՝ ընդգծեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը:

Լին Թրեյսի (Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան) - Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Եվ մի բան, որ ամենակարևորն է, կարծում եմ, մարդկային կապիտալում ներդրումներն են: Դրանք բացարձակ մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե մարդկային կապիտալում ներդրում չես անում, չես կարող հաջողության հասնել այլ ոլորտներում»:

Դեսպանն անդրադարձավ նաև Երևանում ընթացող բողոքի ակցիաներին, նշեց, որ կան մտահոգություններ, տեսել են տեսանյութեր ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Լին Թրեսյին նշեց՝ ամենը պետք է քննվի, և հաշվետվողականություն պետք է լինի այդ հարցերի շուրջ: Ի դեպ, համաժողովի ընթացքում անցկացման վայրին հարակից տարածքում ևս բողոքի ակցիա էին իրականացնում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները:

Լին Թրեյսի - Ես նկատել եմ, որ Կառավարության կողմից այս դրվագները հետաքննելու, քննություն իրականացնելու մոտեցում կա: Ցուցարարների խաղաղ ցույց անելու իրավունքները, լրագրողների՝ իրենց աշխատանք իրականացնելու, միջոցառումը անխաթար լուսաբանելու իրավունքը հարգելու մոտեցում կա: Իհարկե, ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային իրավիճակ և չի խախտում մյուսների իրավունքները:

Համաժողովի բացման ելույթներին հաջորդեցին ժողովրդավարության, մարդու իրավունքների և մեդիայի վերաբերյալ պանելային քննարկումները: Կազմակերպիչները նպատակ ունեն ժողովրդավարության հայկական ֆորումը դարձնել ամենամյա:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում