Նիդերլանդներն ամեն բան կանի, որ գերիները վերադառնան. Նիդերլանդների վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում, ծածանվում են Հայաստանի և Նիդերլանդների դրոշները, Նիդերլանդների վարչապետը սպասում է Հայաստանի վարչապետի ժամանմանը:

ՀՀ-ԵՄ հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակ, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներ, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացում, առևտրաշրջանառության ծավալների ավելացում: Երկու երկրների վարչապետների զրույցի շրջանակը լայն էր: Նաև արդյունավետ՝ այդ մասին արդեն հանդիպումից հետո նշեց Նիդերլանդների վարչապետը:

Մարկ Ռուտե (Նիդերլանդների Թագավորության վարչապետ) - Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի Կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո շատ մեծ պլաններ ունի. շատ թեմաներ ունենք խոսելու, շատ մեծ պլաններ կան: Հայաստանը մեծ ներդրումներ է արել և գնում է ժողովրդավարության ճանապարհով, չնայած երբեմն լինում են բարդ իրավիճակներ և պայմաններ: Վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ թավշյա հեղափոխությունից հետո շատ մեծ փոփոխություններ են իրականացվել, կոռուպցիայի և շատ այլ խնդիրների դեմ պայքար է իրականացվել: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր Կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ:

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ. ՌՈՒՏԵ

Նշեց՝ Ուկրաինայում պատերազմը վշտացնում է բոլորին, շեշտեց՝ Հայաստանը շատ լավ է գիտակցում, թե ինչ է պատերազմը, և ինչու է կարևոր բանակցություններ վարելը:

Մարկ Ռուտե - Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի Կառավարության ջանքերն այդ առումով մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԳՈՐԾՎԻ. ՓԱՇԻՆՅԱՆ

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց՝ արձանագրելով՝ ժողովրդավարական բարեփոխումների աջակցման գործում Նիդերլանդների Թագավորության դերը մեծ է:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ, ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում:

Հայտարարություններից հետո լրագրողների հարցերին անդրադառնալիս վարչապետ Ռուտեն նշեց՝ Նիդերլանդները կշարունակի պայքարել, որ հայ գերիները ապահով վերադառնան հայրենիք: Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ միջազգային հանրության դիրքորոշումը համընկնում է Հայաստանի դիրքորոշմանը:

Նիկոլ Փաշինյան - Այդ իրավիճակը ավելի ու ավելի անընդունելի է դառնում, երբ մարդկային կյանքերը քաղաքական նպատակներով են օգտագործվում:

Մարկ Ռուտե - Նիդերլանդները ամեն բան կանի, որ գերիները վերադառնան:

ՌՈՒՏԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՎԵՐԸ

Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսությանը ինչպես է վերաբերվում նիդերլանդական կողմը: «Լուրերի» հարցին ի պատասխան Ռուտեն նշեց՝ նորություն չունեն, հարցը բարդ է, բայց օրակարգում է, քննարկումներ են անցկացվում: Իսկ արդյոք Հայաստան պատասխան այց կա՞ ծրագրում հարցին՝ Նիդերլանդների վարչապետի արձագանքն է.

- Ես Հայաստանում չեմ եղել մինչ օրս, կորոնավիրուսի պատճառով մեր ծրագրերից բավական հետ ենք ընկել, եթե ստանամ հրավեր, մեծ հաճույքով կայցելեմ:

Վարչապետ Փաշինյանի կողմից պաշտոնական հրավերը չուշացավ:

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Այս ջերմ գրկախառնությամբ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդներ: Մինչ այդ վարչապետը հանդիպել էր նաև Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Նրանք ողջունել են մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող հետևողական քայլերը: Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու Հայաստանի առաջարկած խաղաղության օրակարգին Փաշինյանը մանրամասն անդրադարձել է նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում: Այնտեղ նախ դասախոսություն է կարդացել, ընդգծել է, որ Հայաստանում փակվել են այնպիսի էջեր, ինչպիսին, օրինակ՝ ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային կասկածն է կամ ընտրություններ կեղծելու պրակտիկան, շեշտել՝ անցնելու ճանապարհը դեռ երկար է, նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարում:


«Պիտի արձանագրեմ, իհարկե, մեծ տխրությամբ և մի քիչ էլ տհաճությամբ, որ կոռուպցիայի դեմ պայքարում այսօր մեղադրյալի կարգավիճակում են ոչ միայն նախկին պաշտոնյաներ, այլև պաշտոնյաներ, ովքեր նախարար են նշանակվել իմ կողմից, իմ կառավարության անդամներ են եղել և բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել»:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱՔՎԻ ՀԱՅԱՏՅԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանը շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Վարչապետը օրինակներով է ներկայացնում:

Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Եվ սրանում ոչ մի չափազանցություն չկա: Հիմա ես կոնկրետ օրինակներով ցույց կտամ, որ հենց այդպիսին է քաղաքականությունը: Օրինակ՝ այս գարնանը մենք ունեցանք հետևյալ երևույթը, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հայկական գյուղերի մոտակայքում բարձրախոսներով հայտարարություններ էին տարածում՝ նրանց զգուշացնելով հեռանալ իրենց տներից, այլապես ուժի կիրառմամբ նրանք կհեռացվեն: Մեկ ուրիշ կարևոր հանգամանք. գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Ղարաբաղի հայկական գյուղերի տները և բարձրախոսներով ազան էին միացնում, դա մուսուլմանական աղոթքի հրավեր է: Մենք, իհարկե, հայ ժողովուրդը մեծ հարգանք և պատկառանք ունի մուսուլմանական մշակույթի և կրոնի նկատմամբ, բայց պիտի արձանագրեմ, որ սա, ըստ էության, կրոնական ահաբեկչության մի պարզ օրինակ է:

Ամենաբարձր մակարդակով հովանավորվում է Արցախում մշակութային արժեքների ոչնչացումը, հիշեցնում՝ սառնամանիքի պայմաններում արցախցիների տևական ժամանակ զրկել էին գազից:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ, ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված: Եվ նաև այս համատեքստում է, որ մենք, չնայած այս ամբողջ նեգատիվին, որդեգրել ենք խաղաղության օրակարգ:

Շեշտում է՝ այդ օրակարգը ներքաղաքական կյանքում ևս դժգոհություններ է առաջացրել, տարբեր՝ բացասական պիտակավորումներ են տրվում:

Ես ուզում եմ խոսել մի փաստի մասին, որը, օրինակ՝ պատճառ է, որ մեր հայրենակիցների մի մասը կարծում է, որ մենք դավաճանել ենք մեր երկրի շահին: Գերիների թեման առևտրի առարկա դարձրին քարտեզներով, ես քաղաքական որոշում կայացրի, որ փոխանցելու ենք՝ հույս ունենալով՝ հումանիտար քայլին կհաջորդի հումանիտար քայլ: Դա է խաղաղությանն ուղղված տեսանելի քայլը:

Վերջին անգամ ԵԽ նախագահի ներկայությամբ խոստացավ, որ հերթական խմբին ազատ կարձակի, բայց դա տեղի չունեցավ:

Սեղանին Ադրբեջանի առաջարկները չեն միայն, ինչպես ներկայացնում է այդ երկիրը՝ ընդգծեց Փաշինյանը:

Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում, և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների:

Նշում է՝ այդ պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ հանդիպում կունենան արտաքին գործերի նախարարները:

Ավելացնում՝ շատ մարդիկ, շատ հայրենակիցներ մտածում են, որ խաղաղության օրակարգի մասին խոսելով՝ Կառավարությունը դավաճանում է ազգային ինքնությունը, Լեռնային Ղարաբաղը թողնում անպաշտպան, վստահեցնում է՝ այդ քննադատությունները լսում են, վերլուծում:

Բայց հենց քաղաքական գործչի և քաղաքական թիմի և ժողովրդի կողմից ընտրված կառավարության ամենամեծ խնդիրն է գնալ դժվարին ճանապարհով, որովհետև հեշտ ճանապարհները չեն տանում դեպի լավ արդյունքներ:

Հարցուպատասխանից հետո դասախոսությանը ներկա հայ ուսանողները ողջունեցին վարչապետին, լուսանկարվեցին: Վարչապետը կարճ շփում ունեցավ նաև ինստիտուտի մուտքի մոտ գտնվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում