Ոչ մեկի վրա ձեռք չենք բարձրացրել. պնդում են ընդդիմադիրները

ԱԱնուշ Մուրադյան

Ընդդիմության հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակված հերոսների: Ապա հնչեցին Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերը: Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները բռունցքները վեր բարձրացրեցին, բացականչեցին՝ Արցախ:

«Միություն», «Պայքար», «Հաղթանակ» կոչերով բեմ բարձրացան նաև սփյուռքից ու Արցախից եկած մասնակիցները: Հայտարարեցին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն էլ այսօր որոշ փակագծեր բացեց, թե ինչ է սպասվում Փաշինյանի հրաժարականից հետո: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, որն ապահովելու է թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ- Այն պետք է հիմնված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ, նաև նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա: Այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

Սաղաթելյանն ընդգծեց՝ նոր իշխանությունը կբացառի նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին ապաշրջափակման անվան տակ, իր բնորոշմամբ՝ միջանցքի տրամադրումը թշնամի երկրին, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի գնա սահմանագծման ու սահմանազատման:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի խոսքով՝ իրենց համար առաջնային կլինի գերիների վերադարձի հարցը: Երկրի ներսում էլ կապահովեն պարենային անվտանգությունը, տնտեսական աճը կարտացոլվի մարդկանց կենսամակարդակի վրա: Իսկ թե ովքեր են այս օրակարգի իրագործողները, Սաղաթելյանը անուններ չբացահայտեց, բայց վստահեցրեց՝ 250 պրոֆեսիոնալ անձանց անունից բաղկացած ցուցակ ունեն:

Իշխան Սաղաթելյան - Նոր կառավարությունը կձևավորի ներքին համերաշխություն, կաշխատի 1-1.5 տարի ու կկազմակերպի նոր ընտրություններ:

Գործող իշխանության հրաժարականին հասնելու բանաձևն էլ, ըստ նրա, լայն համախմբման մեջ է: Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների թիվը, դառնալ իրադրության իրական տերը: Փաստացի իշխանությունը այլևս հրապարակում է՝ հայտարարեց նա: Հայ զինվորը չի պարտվել, պարտվել է իշխանությունը. սա էլ պնդեց Սիսական գնդի հրամանատար Աշոտ Մինասյանն ու պատմությունից օրինակ հիշեց:

Անդրադարձան նաև Գյումրիի երեկվա հանդիպմանը, ասացին՝ հրաշալի հանդիպում են ունեցել շիրակցիների հետ, թեև, իրենց խոսքով, իշխանության կողմից սադրանքներ են եղել:

Սևակ Նազարյան («Դիմադրություն» շարժման անդամ- էսօր էլ տարածում են, թե իբր ծեծկռտուք ա եղել, մեր ընկերներից, ես էլ կարծեմ կամ էդ տեսանյութում, հարձակվել ենք էդ ծնողների վրա: Ժողովուրդ ջան, մենք մեզ, հավատացե՛ք, մեր քանակի համեմատ պահել ենք հային վայել և ոչ մեկի վրա ձեռք չենք բարձրացրել:

Հանրահավաքից հետո ընդդիմությունը քայլերթ արեց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում