Փաշինյան-Պուտին հայտարարության վերլուծական մեկնաբանությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Գլխավոր կետը, որ կուզենայի նշել, 24-րդ կետն էր համատեղ հայտարարության, որում նշվում է ԼՂ և հակամարտություն, նաև նշվում է, որ կարգավորված չէ, ինչը հերքում է Ադրբեջանը:

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ապրիլի 19-ի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունից է մեջբերում Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Շեշտում՝ Ռուսաստանի կողմից այս տեսակետի վերահաստատումը չափազանց կարևոր է ոչ միայն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող, այլև տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեցող պետություն: Ջոնի Մելիքյանը նշում է՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի համատեղ հայտարարությունը ենթադրում է Անվտանգային որոշակի երաշխիքներ և տնտեսական ակտիվացում:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի բնորոշմամբ համատեղ այդ փաստաթուղթը պարունակում է հավասարակշռված հայտարարություններ:

Հակոբ Բադալյան (քաղաքական վերլուծաբան) - Էս պայմաններում ստանալ փաստաթուղթ, որում, մի կողմից, արտացոլվում են այն ուղենիշները, որոնք Ռուսաստանի համար են կարևոր, մյուս կողմից՝ Հայաստանի համար կարևոր ընդգրկումներ և մյուս կողմից խուսափել պատերազմում դիրքավորվելուց, էս տեսանկյունից գնահատականս, հավասարակշռված փաստաթուղթ էր:

Արտակ Խաչատրյան («Օրբելի» կենտրոնի փորձագետ) - Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր անկյունաքարերից մեկը, կարծում եմ, պետք է լինի հավասարակշռումների քաղաքականությունը, որի քայլը, կարծում եմ, տեսնում ենք, թեկուզ ԼՂ-ին ուղղված ջանքերում:

Տնտեսություն, մշակույթ, քաղաքականություն, անվտանգություն՝ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի ստորագրրած փաստաթուղթը փորձագետների ձևակերպմամբ՝ գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող աշխատանքային հենք է:
Անդրադառնալով Մինսկի խմբի ձևաչափին՝ նշում են՝ համանախագահող երկրները առանձին են աշխատում:

Ջոնի Մելիքյան («Օրբելի» կենտրոնի փորձագետ) - Մենք պետք է այս մասով մեր դիրքորոշումը հայտարարենք, որ կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախը պետք է ունենա իր կարգավիճակը Ադրբեջանից դուրս, բայց որ տեսնում ենք բանակցությունների այս բարդ իրավիճակը, առանձին քննարկելու, համանախագահողին այլ կարգավիճակ տալը, գուցե տեսնենք հիբրիդային աշխատանք, բայց դա մեզ չպիտի կաշկանդի:

Տարոն Հովհաննսիսյանը շեշտում է՝ համանախագահող երկրների հարաբերությունների հարցում մենք որոշիչ դեր ունենալ չենք կարող, բայց Արևմուտք -Ռուսաստան հակասությունները կարող են աշխատել նաև մեր օգտին:

Տարոն Հովհաննիսյան - Ռուսաստանը և Արևմուտքը փորձելու են հանդես գալ տարբեր առաջարկներով, ինչը հայկական կողմին կարող է մանևրելու հնարավորություն տալ և ժամանակ՝ խնդիրները լուծելու համար: Եթե ճիշտ վարվենք, ժամանակը կարող է աշխատել մեր օգտին և հնարավորություն տալ բանակցել ավելի ամուր դիրքերից:

Փորձագետները կարևորում են նաև Հայտարարության՝ սփյուռքի ակտիվացմանը վերաբերող կետը, դիտարկում են այն որպես Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների հետ ճիշտ աշխատանքի միջոցով հայ համայնքի կապիտալը Հայաստան բերելու հնարավորություն:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում