«ՀՀ իշխանությունները պարտադիր մեր կարծիքը հաշվի են առնելու». Արցախի նախագահ

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, կառավարության նիստում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Այսօր չկա որևէ փաստաթուղթ՝ ո՛չ սևագիր, ո՛չ քննարկման, որում արծարծվում է ղարաբաղյան խնդիրը՝ կարգավիճակի թե անվտանգության առումով: Ցանկացած փաստաթուղթ քննարկելուց առաջ կամ, ընդհանուր առմամբ, փաստաթղթի օրինակը կազմելուց առաջ ՀՀ իշխանությունները պարտադիր մեր կարծիքը հաշվի են առնելու և առանց մեզ որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու:

Միակ փաստաթուղթը, որով այսօր առաջնորդվում են հայկական և ադրբեջանական կողմերը հակամարտության գոտում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն է: Նոր փաստաթուղթ քննարկելիս Երևանը հաշվի կառնի Ստեփանակերտի դիրքորոշումը, հավաստիացրեց նախագահը:

Արայիկ Հարությունյան - ՀՀ վարչապետը Կառավարության վերջին նիստի իր ելույթում ներկայացրել է այն տեսակետը, որը մենք ձեռք ենք բերել այդ հանդիպումների ժամանակ՝ տարբեր ձևաչափերով, որ Ղարաբաղի հետ կապված ցանկացած խնդիր, ցանկացած քննարկում պետք է ընդունվեն որոշման տեսքով կամ, ընդհանուր առմամբ, քննարկման համար նյութ՝ որպես փաստաթուղթ, Արցախի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը հաշվի առնելով:

Օրակարգային մի շարք հարցեր քննարկելուց հետո կառավարության նիստում Արցախի ղեկավարը հանձնարարել է ուժեղացնել ծախսերի հսկողությունը, բայց չթուլացնել բնակարանաշինության տեմպերը:

Հետպատերազմական ծրագրերով պայմանավորված՝ Հայաստանի և Արցախի կառավարությունները կբարձրացնեն գործակցության արդյունավետությունը: Առաջիկայում Արցախի գործադիրի անդամները կլինեն Երևանում:

Հեղինակ` Նարեկ Սահակյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում