Դեր Զորի հուշահամալիրը վերակառուցելու ծրագրեր են նախատեսվում

ՄՄարիա Գաբրիելյան

Հայոց ցեղասպանութեան համազգային ուխտավայր` Տէր Զօրի Սրբոց Նահատակաց յուշահամալիրը, որ կառուցուած է 1990-ին և օծուած Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ. կաթողիկոսին կողմէ 1991-ին, ահաբեկչական խմբաւորումներու կողմէ հրթիռակոծուեցաւ 2014-ին: Հայոց Ցեղասպանութեան 107-րդ նշումին ընդառաջ, Բերիոյ Հայոց Թեմի նախաձեռնութեամբ և վերամրագրելու հայ ժողովուրդի պահանջատիրական ուխտը, ազգային պատուիրակութիւն մը այցելեց Տէր Զօր:

Ռուբեն Գևորգյան (Կազմակերպող մարմնի անդամ) - Տէր Զօր այցելութեան հիմնական նպատակը այն էր, որ Տէր Զօրի ազատագրումէն ետք գալ տեսնել յուշահամալիրը ինչ վիճակի մէջ է: Նախորդ այցելութեամբ մը հաստատուած էր, որ ամբողջական վերականգնման կարիք ունի: Այս յուշահամալիրիը վերածուած է սիմպոլի, որ մեր պահանջատիրական ներկայացումը մարմնաւորած էր: Տէր Զօրի յուշահամալիրը շինուած է այնպիսի հողի վրայ, որ հայկական արիւնով շաղախուած է: Այսօր վերահաստատուեցաւ այդ ուխտը մեր պահանջատիրութեան:

Տէր Զօրի մէջ ազգային պատուիրակութիւնը հիւրընկալուեցաւ տեղւոյն նահանգապետին և նահանգի պետական աւագանիին կողմէ, որոնք ցուցաբերեցին ջերմ ընդունելութիւն և այցելութիւնը իր նպատակին ծառայեցնելու համար ամէն տեսակի աջակցութիւն ցուցաբերեցին:

Ֆադել Նաջար (Դեր Զորի նահանգապետ) - Հայերը Սիրիայի ժողովրդի հիմնական մասնիկներից են: Այս վայրը մեզ երկու բան է հուշում: Առաջինը եկեղեցոյ անունն է` Նահատակաց եկեղեցի: Այն հիշեցնում է, որ հայը Թուրքիայի կողմից ջարդերի է ենթարկվել և նահատակներ է ունեցել, երկրորդ` մեր տեսած այս կործանումներն ու աւերակները հաստատում են, որ ահաբեկիչներն են այստեղով անցել՝ իրենց զորավիգ ունենալով հայոց ջարդերը կազմակերպող նոյն թուրքին: Կոչ ենք անում մեր հայ եղբայրներին, որ վերադառնան Դեր Զոր: Նրանք ինչպես ձեռք ձեռքի մասնակցեցին Դեր Զորի ազատագրմանը, այնպես էլ պետք է մասնակից լինեն վերականգնմանը:

Սրբոց Նահատակաց յուշահամալիրի կիսաքանդ դահլիճին մէջ պատարագ մատուցուեցաւ, մասնակցութեամբ տեղացիներու և ցեղապետներու ներկայացուցիչներու: Եկեղեցական արարողութենէն ետք հեռահաղորդակցութեամբ ուղերձներ փոխանցեցին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսն ու Հ.Յ.Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս) - Այսօր շնորհիւ մեր նոր սերունդներու պահանջատիրական կամքին Տէր Զօր դարձաւ խորհրդանիշ յոյսի և լոյսի, կեանքի ու յարութեան: Տարիներ առաջ Տէր Զօրը դարձեալ ենթարկուեցաւ նոյն ցեղասպանի ոճրագործ արարքին: Եկէք Տէր Զօր սիրելի հայորդիներ, տեսնելու համար թէ դարձեալ թուրքն է անցած մէկուկէս միլիոն մեր սրբացեալ արիւնով շաղախուած այս սրբավայրէն: Բայց մենք դարձեալ Սուրիոյ արաբ ժողովուրդին ու պետութեան զօրակցութեամբ և համազգային ճիգերով պիտի վերաշինենք Տէր Զօրը, Հայոց Համազգային ուխտատեղին, ազգային պահանջատիրական պայքարի հիմքը:

Հակոբ Տեր-Խաչատուրյան (Հ.Յ.Դ. բյուրոյի անդամ) - Մարտահրաւէրերը բազմաթիւ են և ճնշող, սակայն վհատողը չենք, ընդհակառակն, թող համայն աշխարհն իմանայ, որ Տէր Զօրի վերապրողներու մնացորդացի պողպատեայ վճռականութեամբ վերազինած ենք պայքարի մեր հաւաքական կամքը: Դուք այսօր Տէր Զօր հաւաքուած ուղևորներդ հայ ժողովուրդի կողմէ լիազօրուած պահպաններն էք այս սրբավայրին, որպէս վկաներ այս աւերակ բոյնը շինելու խոստումին: Դուք կը հնչեցնէք առաջին կանչը և այդ կանչին պիտի անսայ ողջ հայութիւնը:

Սուրիահայերը թէ պաշտօնապէս թէ ժողովրդայն մակարդակներով ընդմիշտ կը յայտնեն իրենց երախտագիտութիւնը սուրիացիներուն, որոնք հայուն մասին լսած անգամ չըլլալով, հիւրընկալեցին անօթևան և թշուառ տեղահանուածները:

Սնբուլ Սնբուլյան (Բերիո հայոց թեմի ազգային վարչության ներկայացուցիչ) - Երբ բռնագաղթների քարավանները հասան Սիրիայի անապատներ, արաբ ցեղախմբերը Դեր Զորում հյուրընկալեցին նրանց և կիսեցին հացն ու ճակատագիրը: Դեր Զորի այս հուշակոթողն ահաբեկիչների կողմից քանդվեց Նոր Օսմանիզմի ուղղակի հրամանով՝ ջնջելու համար սիրիացի և հայ ժողովուրդների պատմական հիշողությունը: Մենք հաստատում ենք մեր ուխտը՝ մեր արդար իրաւունքները պահանջելու:

Տէր Զօրի արաբ բնակիչները իրենց նախահայրերէն լսած զգայացունց յուշերը պատմեցին: Համարեա՛ ամէն տէր զօրցիի տան մէջ հայ հօրաքոյր մը, մօրաքոյր մը, մեծ մայր մը եղած է, որուն պատմած վկայութիւնները սերունդէ սերունդ վերապատմուելով կենդանի կը մնան:

Ալ Շեյխ Խլեդ Դուիդ Ալ Ահմեդ Ալ Աագետի (Դեր Զորի Աբու Հասան ցեղախմբի առաջնորդ) - Մենք և հայերը եղբայրներ ենք, այս շրջանում համակեցությամբ ապրեցինք: Մենք զորակցում ենք հայերի պահանջներին: Էրդողանը Սիրիայի պատերազմի ընթացքում սիրիահայերի դեմ ջարդեր կազմակերպեց, փորձեց Սիրիայի համայնքների միջև սեպ խրել և երկիրը մասնատել, սակայն մենք միասնական ենք, բոլոր ցեղախմբերը միասնական են, Սուրիան մեկն է, և ժողովուրդը՝ միասնական: Պիտի շարունակենք հաղթել թուրքին, թուրքը, որ կողոպտեց երկրի հարստությունը, կեղեքեց մարդկանց ունեցվածքը և անմեղներին սպանեց:

Տէր Զօրի ցեղախումբերը մեծապէս գնահատեցին սուրիահայերուն ցուցաբերած հայրենասիրական մօտեցումը Սուրիոյ պատերազմին, հաստատելով հայու և արաբի եղբայրական յարաբերութիւնը:

Ալ Շեյխ Աբդ Ալ Քերիմ Դանդալ (Աաքեդետ ցեղախմբի առաջնորդ) - Դեր Զորի ցեղախմբերի անունից ողջունում ենք հայերի օրհնյալ վերադարձը Դեր Զոր: Հայերը մեզ հետ բաժանում են կյանքը, արյունը և ճակատագիրը: Նրանք ինչպես մեր կողքին եղան ռազմադաշտերում, այսօր մեր կողքին են վերականգնման աշխատանքներում:

Սուրիահայերը Տէր Զօրի վկայարանէն յստակ պատգամ փոխանցեցին ողջ աշխարհին իրենց դատին տէրը կանգնելու, հետապնդելու, պահանջատիրութեան աշխատանքները շարունակելու և իրաւունքներու վերատիրացման համար ոչ մէկ ջանք խնայելու:

Տ. Մասիս եպիսկոպոս Զոպույան (Բերիո հայոց թեմի առաջնորդ) - Պետական անձնաւորութիւններ մեր ցաւը անգամ մը եւս բաժնեցին: Յոյսով եկանք և յոյսով կը վերադառնանք: Թող Տէրը պահէ սուրիական հայրենիքը, այն հայրենիքը, երկիրը և ժողովուրդը, որ մեզ դիմաւորեց, հիւրընկալեց ցեղասպանութեան օրերուն երբ մեր ժողովուրդը թափառական այս հողերը հասաւ, հալածական վիճակի մէջ և իր անձը խառնեց այս երկրի հողին: Այս երկիրը մեզի համար եղաւ յարութեան վայր, հոսկէ է, որ յարութիւն և կեանքն առինք և աշխարհին բացուեցան և ծաղկեցուցինք սուրիական հայրենիքը: Պատերազմին թուրքը անգամ մը եւս եկաւ նոր ցեղասպանութիւն գործելու ոչ միայն սուրիացիներու այլ հայերու նկատմամբ: Սուրիան վերակառուցելու, Տէր Զօրը վերակառուցելու հաւատքով և յոյսով կը բաժնուինք Տէր Զօրէն, կը վերադառնանք Հալէպ մեր ազգային կեանքը, եկեղեցական կեանքը առաւել եւս կազմակերպելու:

Բերիոյ Հայոց Թեմի ազգային իշխանութեան Հալէպի ներկայացուցիչներու կողքին, ուղևորութեան կը մասնակցէին Ճեզիրէի շրջանի առաջնորդական փոխանորդը, Քեսապի և շրջակայի հոգևոր տեսուչը, հայ ազգային երեք կազմակերպութիւններու նաև հալէպահայ միութիւններու ներկայացուցիչներ և տարբեր նահանգներէն ժամանած հայորդիներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում