ԵԱՀԿ ՄԽ, սահմանազատում, Փառուխ, երկկողմ հարաբերություններ․ Լավրով-Միրզոյան հանդիպման մանրամասները

ՄՄերի Եգորյան

ՌԴ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՈՐՊԵՍ ՀՀ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԱՇՆԱԿԻՑ

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպեցին ռուսական արտաքին գերատեսչության ընդունելությունների տանը: Նախ` երկկողմ, ապա ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը, Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանն առնչվող հարցեր: ՌԴ ԱԳ նախարարն, անդրադառնալով հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, նշեց, որ այժմ նախապատրաստվում է առաջարկների հերթական փաթեթ, որի նպատակն է էականորեն մեծացնել ռուսական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության մեջ։

Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար)Մենք շարունակում ենք հանդես գալ որպես Հայաստանի առանցքային դաշնակից։ Ռուսաստանը կշարունակի աջակցել Երևանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության հարցում և, իհարկե, որպես հիմնական առևտրատնտեսական գործընկեր, օտարերկրյա ներդրող։ Շարունակում ենք մշակել նոր ծրագրեր, որոնք թույլ կտան ապահովել մեր միջև առևտրի կայունությունը, ստեղծել նոր աշխատատեղեր։

ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ՝ ՄԻՐԶՈՅԱՆ-ԼԱՎՐՈՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին ու նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Լավրովն ընդգծեց, որ ռուսական կողմը կշարունակի ապահովել դրանց իրականացումը, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորակազմի գործունեությունը Ղարաբաղում։

Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար)Ակնկալում եմ, որ իմ այցը լրացուցիչ խթան կհաղորդի հայ-ռուսական հագեցած օրակարգին, որն ուղղված է դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը բոլոր ուղղություններով: Վստահ ենք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, սադրանքների կանխարգելմանը, բնականոն կյանքի վերականգնմանը և մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը:

ԼԱՎՐՈՎԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ նախարարները հանդես եկան հայտարարություններով:

Արարատ Միրզոյան - Հայաստանը հավատարիմ է բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Չափազանց կարևոր են հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցախ տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Միայն խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել այնպիսի լուծման, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկաս։

Ռուսաստանի արտգործնախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատեց հայ գործընկերոջ հետ ունեցած քննարկումը՝ շեշտելով, որ քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Սերգեյ Լավրով - Մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ընդգծել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների անվերապահ իրականացման և խաղաղապահ զորակազմի գործունեությանը կարևորությունը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման հարցը։ Հարկավոր է աշխատել նաև մարդասիրական հարցերի լուծման, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները վերսկսելու ուղղությամբ։ Մենք ողջունում ենք նաև Երևան-Անկարա կապի հաստատմանն ուղղված քայլերին։

ՀՀ ԵՎ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓԱՌՈՒԽՈՒՄ

Չնայած ՌԴ ՊՆ հայտարարությանը և միջազգային այլ կոչերին՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժած ադրբեջանական ուժերը շարունակում են մնալ Փառուխ գյուղի շրջակայքում: «Լուրեր»-ի թղթակցի այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմը ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ` ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Փառուխում տեղի ունեցած զարգացումները քննարկվել են նաև հանդիպման ժամանակ:

Սերգեյ Լավրով - Մեզ համար ոչ բոլոր հանգամանքներն են ամբողջությամբ պարզ: Չէի ցանկանա առաջ անցնել և վերջնական դատողություններ անել: Համոզված ենք, որ մեր հայ բարեկամները լիովին վստահում են խաղաղապահ զորախմբին, որը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Այո՛, ոչ մեծ միջադեպեր լինում են, և այդ կոնկրետ միջադեպով զբաղվում են մեր զինվորականները։ Կան բաներ, որոնք պահանջում են հստակեցում:

Արտգործնախարար Միրզոյանն ընդգծեց, որ հայկական կողմը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախմբին կհաջողվի վերականգնել ստատուս քվոն մարտի 23-ի դրությամբ։

Արարատ Միրզոյան - Խաղաղապահ զորախումբը տեղակայվել է նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու նպատակով։ Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն առաքելությունը՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը:

ՄԵՆՔ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆՔ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ. ԼԱՎՐՈՎ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում չգիտի, թե ինչպիսին կլինի Ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ճակատագիրը: Նման անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներն են, պարզաբանեց նախարարը:

Սերգեյ Լավրով - Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ ձևաչափում: Դա իրենց իրավունքն է: Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և բոլոր այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև:

ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ Միրզոյանը նկատեց, որ թեև աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը, սակայն միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է հենց այդ ձևաչափի շրջանակում:

Արարատ Միրզոյան - Չնայած Ադրբեջանը հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դադարեցրել է իր գոյությունը, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, քանի որ հակամարտություն այլևս չկա, ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և տարբեր երկրների ղեկավարներից ազդակներ և հաղորդագրություններ եմ ստանում, որ միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Դա շատ հուսադրող է:

ԱՆԴՐԱԴԱՐՁ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Անդրադառնալով մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով համատեղ հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Լավրովն ընդգծել է, որ այդ գործընթացի հիմքում ընկած են եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ավելի վաղ եղած քննարկումները:

Սերգեյ Լավրով - Մենք լիովին հանձնառու ենք օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բնականոն կյանք հաստատելու հարցում: Դրա մաս է կազմում նաև սահմանազատումը: Այսօր միասին հաստատեցինք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ պայմանավորվածությունը ուժի մեջ է, ըստ որի` սահմանազատման հարցով հանձնաժողովը լինելու է երկկողմ՝ ռուսական կողմի խորհրդատվական մասնակցությամբ:

Լավրովի խոսքով` դա պայմանավորված է ոչ միայն այն քարտեզներով, որը ռուսական կողմը կարող է տրամադրել գործընթացի համար, այլ նաև այն հանգամանքով, որ տվյալ ձևաչափով նման հարցերը կարող են կարգավորվել ավելի արդյունավետ:

Հանդիպման շրջանակներում Միրզոյանն ու Լավրովը ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2022-23 թվականների խորհրդակցությունների ծրագիրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում