Տարածաշրջանում անվտանգային իրավիճակը մնում է անկայուն. ԵԱՀԿ գործող նախագահի մտահոգությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հանդիպման օրակարգում է: Երևանում կայացած քննարկումների ընթացքում նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, ընդգծել՝ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար: Այս առումով Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը:

Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը, Ադրբեջանը խափանել էր Լեռնային Ղարաբաղի կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ խստաշունչ եղանակային պայմաններում, և այս ներխուժումն Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա էր, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների:

ԵԱՀԿ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը. վերահաստատում է Զբիգնև Ռաուն:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՆԿԱՅՈՒՆ Է. ՌԱՈՒ

Զբիգնև Ռաու (ԵԱՀԿ գործող նախագահ) - Իմ լրջագույն մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը մնում է անկայուն: ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Իրական երկխոսությունը չափազանց կարևոր է վստահության և դեէսկալացիայի առաջխաղացման համար:

Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել բանակցություններ՝ հակամարտության խաղաղ կարգավորման և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով,- ասում է արտգործնախարարը: «Վճռական ենք դիմել, ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին՝ բարեխղճորեն ներգրավվելու բանակցություններում»,- շարունակում է ԵԱՀԿ գործող նախագահը:

Զբիգնև Ռաու - Մենք հուսով ենք, որ կարող է առաջընթաց արձանագրվել, մասնավորապես, հրատապ հումանիտար հարցերում, ինչպիսիք են գերիների վերադարձը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, ականազերծումը, ինչպես նաև պատմական և մշակութային վայրերի պաշտպանությունը:

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում Միրզոյանը շեշտում է՝ հայկական կողմը պատրաստ է սահմանագոտում ձեռնարկել կայունության բարձրացման քայլեր և սկսել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացը: Նախարարը հիշեցնում է ադրբեջանական կողմի առաջարկների մասին:

Արարատ Միրզոյան - Մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի, միաժամանակ, ասելով, որ դրանք այնուամենայնիվ ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը և մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը, ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Առաջարկների փաթեթ է կազմել նաև Հայաստանի իշխանությունը, այս դեպքում՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ: Պաշտոնական Բաքուն դեռ չի արձագանքել:

Արարատ Միրզոյան - Մենք հավատում ենք, որ, ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ ավելի լայն առումով համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում, միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ և նաև, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը որոշելու դեպքում, կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ:

Նախարարը վերահաստատել է՝ Հայաստանը հետևողական է ստանձնած պարտավորությունների կատարմանը, իսկ Ադրբեջանը, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ, շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով ռազմագերիներին:

Հայտարարություններից հետո «Լուրերը» փորձեց ճշտել ԵԱՀԿ գործող նախագահի դիրքորոշումը Ադրբեջանի զինված ուժերի ԼՂ-ի հետ շփման գիծը խախտելու, Փառուխ գյուղը գրավելու հարցում: Հարցը մնաց անպատասխան:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում