Վաշինգտոնը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա. Սակի

ԱԱլիս Մելիքսեթյան

ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՎԵՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ. ԶԵԼԵՆՍԿԻ

Վլադիմիր Պուտինի հետ պատրաստ եմ քննարկելու Ղրիմի և Դոնբասի հարցը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա, սակայն, համոզմունք է հայտնել, որ առաջին հանդիպման ժամանակ չի ստացվի հաջողության հասնել։

Զելենսկին նշել է, որ նախագահության սկզբում խոստացել էր անել ամեն ինչ, որպեսզի Դոնբասը և Ղրիմը վերադառնան։ Նա դա ժամանակի հարց է անվանել․ «Այս հարցում առաջին քայլը Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը և հատուկ գործողության ավարտն է։ Կիևը չի կատարի Ռուսաստանի բոլոր վերջնագրերը, հարկավոր է փոխզիջումներ փնտրել»,- ընդգծել է Զելենսկին։

Նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, պետք է դրվեն հանրաքվեի։

Նա անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին։ «Նորմալ փոխզիջում է նաև այն, որ Ուկրաինան համաձայնի չանդամակցել ՆԱՏՕ-ին՝ փոխարենը դաշինքի առանձին անդամ երկրներից ստանա անվտանգության երաշխիքներ։ Մենք ամեն ինչ հասկանում ենք։ Մեզ չեն ընդունում ՆԱՏՕ, որովհետև վախենում են Ռուսաստանից։ Մենք պետք է հանգստանանք»,- ասել է Զելենսկին։

ԵՄ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Եվրամիությունն առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չի սահմանի՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները որոշումներ չեն կայացրել նաև Ռուսաստանից էներգակիրների ներմուծման գործընթացում սահմանափակումների վերաբերյալ, այդ հարցը, սակայն, քննարկվել է։ Հարկավոր է արդյունավետ լուծումներ գտնել, որոնք Եվրամիության համար բեռ չեն դառնա»,- ընդգծել է նա։

Բորելի խոսքով՝ ԵՄ անդամ երկրների ռազմական ծախսերը ներկայումս կազմում են մոտ 200 մլրդ եվրո, ինչը չորս անգամ ավելի է, քան Ռուսաստանը ծախսում է պաշտպանական ոլորտի համար։ «ԵՄ-ն պետք է մեծացնի ռազմական ծախսերը»,- հավելել է դիվանագետը։

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները և պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած համատեղ նիստում պատմության մեջ առաջին անգամ հավանություն են տվել նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում «Ռազմավարական կողմնացույց» հայեցակարգին, որով նախատեսվում է արագ արձագանքման եվրոպական ուժերի ձևավորում՝ բաղկացած հինգհազարանոց կորպուսից։

Ակնկալվում է, որ ռազմավարությունը կհաստատվի մարտի 24-25-ը կայանալիք՝ Եվրամիության գագթնաժողովին:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱ

Վաշինգտոնը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա՝ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ արձագանքելով Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու Վարշավայի առաջարկին։

«Իհարկե մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին։ Սակայն Ռուսաստանի հետ առճակատումը չի բխում ամերիկացիների և մեր ազգային անվտանգության շահերից»,- նշել է նա։

Միացյալ Նահանգները նաև բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու շուրջ։

ԱՄՆ-Ն ԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները՝ հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է շարունակել խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լը Դրիանը և Բլինքենն ընդգծել են Ուկրաինայի ամբողջ տարածքում կրակի դադարեցման անհրաժեշտությունը: Նրանք կարևորել են պարենային անվտանգության ոլորտում սերտ գործակցությունը։

Կողմերն անդրադարձել են նաև Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններին՝ ընդգծելով դրանք հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտությունը:

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՕՐՆ Է

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 27-րդ օրն է։ Ուկրաինական ԶՈՒ տվյալով՝ դիրքային էական փոփոխություններ չեն գրանցվել՝ չնայած ռուսական կողմը առաջխաղացման փորձեր է ձեռնարկում։ Խոցվել է ռուսական օդային 9 թիրախ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները որոշ բնակավայրերում շարունակում են շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը։ Ռուսական կողմը գրանցել է տարածքային առաջխաղացում։ Ոչնչացվել է 137 ուկրաինական ռազմական օբյեկտ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում