ՀՀ-ն շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղով. Կանադայի հատուկ բանագնաց

ԱԱնուշ Մուրադյան

Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղով և Կանադան ցանկանում է աջակցել այդ գործընթացին՝ շեշտել է Ստեֆան Դիոնը, Լուրերին տված հարցազրույցում: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կողմից Հայաստանում հատուկ բանագնաց նշանակված դիվանագետն անցած շաբաթ է Երևան ժամանել: Օրակարգը հագեցած է, նպատակը հստակ:

Ստեֆան Դիոն (Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց) - Կանադան պետք է ժողովրդավարությանն աջակցի ավելի արդյունավետ, քան մինչև հիմա էր արվում: Դա շատ կարևոր է մեզ համար և միշտ է այդպես եղել: Մի աշխարհում, որտեղ մենք հիմա ապրում ենք և այն, ինչ կատարվում է, հատկապես Ուկրաինայում ստեղծված սարսափելի իրավիճակը, ապացուցում է՝ ժողովրդավարության աջակցությունը պետք է լինի առաջնահերթություն: Եվ՝ ինչու՞ հենց Հայաստանը, քանի որ Հայաստանում այն զարգանում է: Կատարյալ չէ, սակայն ավելի զարգացած է, քան տարիներ առաջ էր: Մենք պետք է ձեր կողքին լինենք ձեր գրանցած առաջընթացում, որ նաև այլ երկրների, այսպես ասած՝ «ախորժակը բացվի»՝ նույնն անելու համար:

Կանադացի պաշտոնյան մեջբերեց միջազգային կառույցների՝ Ֆրիդըմ Հաուսի, Թրանսփարենսի Ինթերնեյշընլի, Էկոնոմիստի ուսումնասիրությունները, ըստ որոնց՝ Հայաստանը ժողովրդավարության հարցում առաջընթաց է գրանցել: Լինելով նաև Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնացը, Ստեֆան Դիոնն ասաց՝ Կանադան պետք է լինի Եվրոպայի հզոր գործընկերներից մեկը, հատկապես՝ ժողովրդավարության աջակցության հարցում:

Ստեֆան Դիոն - Վարչապետն ասաց՝ Ստեֆան, գնա՛ այնտեղ և ներկայացրու նախագիծ, թե ինչպես կարող է Կանադան լինել ավելի լավ գործընկեր: Ահա, թե ինչու եմ այստեղ՝ աշխատելու հայերի, կառավարության, խորհրդարանի, տարբեր կառույցների, ժողովրդի, քաղաքացիական հասարակության հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող է Կանադան, այլ գործընկերների՝ ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության հետ համատեղ, ձեզ համար լինել ավելի ուժեղ գործընկեր:


Հատուկ մանդատով Երևան ժամանած բանագնացն արդեն հանդիպել է արտաքին գործերի, էկոնոմիկայի նախարարների, հասարակական տարբեր կազմակերպությունների, Կաթողիոսի հետ: Հանդիպումների շարքը կշարունակվի, կամփոփվի՝ զեկույցով, որում էլ Դիոնը կներկայացնի իրենց առաջարկները:

Ստեֆան Դիոն - Կանադան Հայաստանում ոչինչ չի անի երկրի իշխանության կամքին հակառակ: Մենք գործընկեր ենք, մենք պետք է աշխատենք կառավարության հետ: Սակայն, միևնույն ժամանակ, ժողովրդավարությունն ամբողջ հասարակությունն է: Ուստի ես պետք է հասկանամ՝ օրինակ, գործարարները, կանանց իրավունքների պաշտպանները, ինչ են մտածում: Հասարակության յուրաքանչյուր մաս իր ասելիքն ունի: Եվ դա հասկանալը հանգուցային նշանակություն ունի:

Տարին հոբելյանական է, լրանում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ամփոփելով անցած երեք տասնամյակի արդյունքները՝ Ստեֆան Դիոնը նկատեց՝ դրանք շատ դրական են, բայց զարգանալու կարիք ունեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում