Նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդիրը դեռ դատական ատյանով հաստատման կարիք ունի. ՔՊ

ԳԳևորգ Թոսունյան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հայտնի դառնալուց հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի շտապում քննարկել նախագահի թեկնածուի հարցը: Խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը հիշեցնում է՝ հրաժարականն ընդունված է համարվում միայն այն ներկայացնելուց մեկ շաբաթ անց:

Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը, եթե մեր նշած տրամաբանությունը գործի, այսինքն՝ 7-օրյա ժամկետում դիմումը հետ չվերցվի, կլինի այն մարդը, ում կընտրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար ֆորմատը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Խորհրդարանական այս ճեպազրույցի ամենաքննարկվող թեման նաև Արմեն Սարգսյանի՝ նախագահ դառնալուց քիչ ժամանակ առաջ Սենթ Քիթսի և Նևիսի քաղաքացի լինելու վերաբերյալ մամուլի հրապարակումն էր: «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Հովակիմյանը հայտնեց՝ խնդիրը դեռ դատական ատյանով հաստատման կարիք ունի:

Վահագն Հովակիմյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) -  Մեր օրենսդրության համապատասխան՝ մամուլի հրապարակումները ուսումնասիրման հստակ կանոնակարգ ունեն իրավապահ մարմինների կողմից:

Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Հանրապետական պատգամավորին լրագրողները հիշեցրին՝ Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել հենց Հանրապետական կուսակցության իշխանության օրոք:

Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Ենթադրվում է, որ այն կառույցները, որոնք տեղեկատվություն են ներկայացնում այս կամ այն գործչի վերաբերյալ, ներկայացրել են տեղեկատվություն, որի հիման վրա տեղի է ունեցել առաջադրումը, և տեղի է ունեցել ընտրությունը:

Այն, որ հարցը պետք է ուսումնասիրվի իրավապահների կողմից, համակարծիք են նաև «Հայաստան» խմբակցությունում: Իսկ մինչև այդ, ներկայացնում են նախագահի նոր թեկնածուի չափանիշների վերաբերյալ իրենց սկզբունքները:

Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Սահմանադրությամբ նախագահի կարգավիճակից բխող լիազորությունները պետք է նկատի առնել, և նա ոչ թե միայն իշխանության և ընդդիմության թեկնածուն պետք է լինի, նա պետք է ապահովի համազգային ներուժի համախմբումը: Թեկնածուն չպետք է լինի կուսակցական, սա կարևորագույն սկզբունքն է:

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին հայտարարել է հունվարի 23-ին: Մեկ շաբաթվա ընթացքում դիմումը հետ չվերցնելու դեպքում այն կհամարվի ընդունված:

Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում