Կարո՞ղ է արդյոք Ռուսաստան-Ուկրաինա լարվածությունը վերաճել ռազմական բախման

ԱԱրթուր Խաչատրյան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունն արդեն մի քանի շաբաթ չի մեղմվում: Կողմերը շարունակում են զորք և ծանր զրահատեխնիկա կուտակել շփման գծի մոտ: Համացանցում ամենօրյա ռեժիմով տարբեր օգտատերերի հրապարակած տեսանյութերում նկատելի են տանկեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահափոխադրիչներ:

Ռուսական կողմը լարվածության գոտի է տեղափոխել նաև «Իսկանդեր» բալիստիկ հրթիռային համակարգեր:

Ռուսաստանը զգալի ուժեր է տեղափոխել Բելառուս, որտեղ փետրվարի 10-ին մեկնարկելու են երկու երկրի համատեղ զորավարժությունները: Դրանք նախատեսված է անցկացնել Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի սահմաններին մոտ:

Մինսկն ու Մոսկվան արդեն հայտարարել են, որ դրանք կրում են պաշտպանողական բնույթ և ուղղված չեն երրորդ երկրի դեմ: Մինչդեռ Արևմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, հայտարարում է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա նաև Բելառուսի տարածքից:

Ամերիկյան պարբերականները, հղում անելով հետախուզության տվյալներին, հրապարակել են տարբեր քարտեզներ, որոնցում նշում են ռուսական զորքի տեղակայման վայրերը:

Եթե ամերիկյան կողմը լարվածության համար մեղադրում է Ռուսաստանին, Մոսկվան իրավիճակի պատասխանատու է համարում Կիևին և դաշնակիցներին: Ուկրաինան նույնպես վերջին շաբաթներին զգալի զորք և զինտեխնիկա է կուտակել Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված ինքնավար հանրապետությունների, նաև Ռուսաստանի հետ սահմանին:

Զուգահեռ՝ Կիևը շարունակում է սպառազինություն և ռազմական օգնություն ստանալ մի շարք պետություններից, գլխավորապես՝ Միացյալ Նահանգներից և Մեծ Բրիտանիայից: Որոշ դեպքերում դա ամենաժամանակակից զինատեսակներն են: Ուկրաինական բանակն արդեն հասցրել է ռազմական պայմաններում կիրառել ամերիկյան հակատանկային «Ջավելին» հրթիռային համակարգերը:

Ուկրաինային տանկերի դեմ պայքարելու զենք է մատակարարել նաև Մեծ Բրիտանիան: «ՆԼՈՈւ» համակարգն իր տեսակի մեջ լավագույններից է:

Ավելի վաղ Ուկրաինան զգալի ծավալների «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է գնել Թուրքիայից և նույնիսկ հասցրել դրանք կիրառել լարվածության գոտում:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ լարվածությանը, հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների:

Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ռուսաստանը կենթարկվի պատասխանատվության, եթե ներխուժի Ուկրաինա: Եթե ռուսական ցանկացած տեսակի զորք հատի Ուկրաինայի հետ սահմանը, դա կնշանակի ներխուժում: Դրան մենք կարձագանքենք կոշտ՝ միասնական պատասխանով Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների կողմից:

Բայդենն ակնարկել է առաջին հերթին տնտեսական պատժամիջոցները: Արևմտյան տարբեր շրջանակում շարունակում են քննարկել Ռուսաստանին բանկային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը:

Ռուսական կողմը բազմիցս հերքել է Ուկրաինա ներխուժելու լուրը:

Սերգեյ Րյաբկով (ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Մենք մտադիր չենք ձեռնարկել որևէ ագրեսիվ քայլ: Մենք մտադիր չենք գրոհել, հարձակվել կամ ներխուժել Ուկրաինա:

Կարո՞ղ է արդյոք ստեղծված իրավիճակը հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որոնցում ներգրավված կլինի միանգամից մի քանի խաղացող: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ նման սցենարը քիչ հավանական է:

Ալեքսանդր Իսկանդարյան (քաղաքագետ) - Քաղաքականությունում, իհարկե, երբեք մի ասա՝ երբեք: Սակայն չափազանց բարդ է պատկերացնել ռուս-ուկրաինական պատերազմ, քանի որ առկա է ներուժի հսկայական տարբերություն: Ռազմական առումով ոչ ոք չի խառնվի Ուկրաինայի օգտին:

Ռուսաստանը շաբաթներ առաջ պահանջել էր ՆԱՏՕ-ից՝ հրաժարվել ընդլայնվելու մտադրությունից: Մոսկվան գրավոր տեսքով մի շարք պայմաններ է ներկայացրել հյուսիսատլանտյան դաշինքին, որոնց չընդունման պարագայում Կրեմլը դիտարկելու է իր կողմից գործողությունների որոշակի հաջորդականություն: ՆԱՏՕ-ում, սակայն, հրաժարվել են դրանք ընդունել: Մեկ շաբաթ առաջ մեկնարկել են Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցությունները, որոնք արդյունք չեն տվել: Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծում է՝ Ուկրաինայի շուրջ իրադարձությունները պետք է դիտարկել հենց ռուս-ամերիկյան դիմակայության համատեքստում:

Ալեքսանդր Իսկանդարյան - Ռուսաստանը փորձում է փոխաբերական իմաստով դրոշներ տեղադրել՝ կարմիր գծեր անցկացնել: Ցույց տալ և հասնել նրան, որ սահմաններ գոյություն ունենան թե՛ տարածքային իմաստով, թե՛ ազդեցության գոտիների: Կրկին՝ Ռուսաստանը փորձում է կարմիր գծեր անցկացնել, որոնք հատելը ցանկալի չէ»:

Մինչ կողմերը գնում են ցուցադրական քայլերի՝ զորք կուտակելով սահմանին, Ռուսաստանի Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցությունը դիմել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնավար հանրապետությունները ճանաչելու առաջարկով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում