Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու նպատակներն ու նոր հնարավորությունները

ՀՀայկ Նավասարդյան

Սյունիքը՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր հարթակ. Իսլամական Հանրապետությունը նախատեսում է առաջիկայում Կապանում հյուպատոսություն բացել: Իրանի կառավարությունը հավանություն է տվել արտաքին գործերի նախարարության առաջարկին:

Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ դեսպան) - Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը վկայում է, որ Իրանը կարևոր է համարում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով:

Սյունիքի մարզը Իրանին հարևան լինելուց բացի՝ տարածաշրջանային ուղիների կարևոր հանգույց է. այստեղով օրական մի քանի հարյուր իրանական բեռնատար է անցնում, նույն կերպ և Հայաստանը Իրանի հետ առևտուրը Սյունիքով է իրականացնում, ուստի այս նախաձեռնությունը նաև կնպաստի, որ երկու երկրի գործակցությունը զարգանա, և առավել արագ լուծվեն քաղաքացիների խնդիրները՝ հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին առնչվող:

Թեհրանի այս քայլը արևելագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ պայմանավորված է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակով, աշխարհաքաղաքական զարգացումներով, որտեղ Սյունիքի մարզը կարևոր դերակատարում ու նշանակություն ունի:

Արմեն Պետրոսյան (արևելագետ) - Տարանցիկ նշանակության ապահովման գործընթացում որևէ դերակատար պետք է աշխատի տնտեսական գործակցության վրա, որն էլ կապահովի քաղաքականը:

Հայաստան-Իրան երկաթգծի հնարավոր գործարկումը. դեսպանի համոզմամբ, կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, հարևանների միջև գործակցության ընդլայնմանն ու տնտեսության զարգացմանը:

Աբբաս Բադախշան Զոհուրի - Մենք դրական ենք գնահատում տրանսպորտային հաղորդակցությունների դյուրացումը, Իրանի ու Հայաստանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային նոր ուղիների ապահովումը՝ հատկապես երկաթուղային հաղորդակցության հնարավորությունը, որովհետև դա կարող է նպաստել մեր երկրների տարածքով միջազգային փոխադրումների ավելացմանը, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության ընդլայնմանը:

Կապանում Իրանի հյուպատոսության բացմանը զուգընթաց, Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է՝ Երևանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում