Ադրբեջանցի քաղբանտարկյալի առողջական վիճակը՝ միջազգային ուշադրության կենտրոնում

ԴԴիանա Գասպարյան

ՌՈՒՍՏԱՄՈՎԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը և Ռիչարդ Բեկոնը լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության բանտարկված ակտիվիստ Սալեհ Ռուստամովի առողջական վիճակի առնչությամբ, որը հացադուլ է հայտարարել։ «Ռուստամովի գործը Ադրբեջանում դատական իշխանության անկախության բացակայության բազմաթիվ օրինակներից մեկն է»,- ասված է համազեկուցողների հայտարարության մեջ։

Ըստ համազեկուցողների՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին, անկախ լրագրողներին շարունակում են հետապնդել, բանտերում ադրբեջանական իշխանություններին քննադատողներն արժանանում են դաժան վերաբերմունքի և ենթարկվում են խոշտանգումների:

Ռուստամովի գործի վերաբերյալ իր մտահագությունն է հայտնել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մարդասիրական նկատառումներով պետք է շտապ ազատ արձակի Ռուստամովին, որպեսզի նա համապատասխան բուժօգնություն ստանա։

Իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Սալեհ Ռուստամովը 38 օր առաջ հացադուլ է սկսել՝ այդ կերպ բողոքելով իր նկատմամբ շինծու դատական գործի դեմ:

ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԱՄԷ

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը պաշտոնական այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ նման մակարդակի առաջին այցն է: ԱՄԷ արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հանդիմանն ընդգծել է՝ այցը պատմական է, և Իսրայելն ակնկալում է ամրապնդել մեր երկրների միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- ասել է Բենեթը։

Բենեթին ընդունել է նաև Աբու-Դաբիի թագաժառանգ Մոհամադ Բին-Զայեդը։ Նա հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում կայունություն և խաղաղություն կհաստատվի։ Բենեթն ու Բին-Զայեդը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, տնտեսական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են Իրանի թեմային։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Թուրքիայում գնաճի և թուրքական լիրայի անկման ֆոնին խոշորագույն արհմիությունների նախաձեռնությամբ Ստամբուլի ասիական հատվածում ավելի քան 5000 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել: Ցուցարարները պահանջել են բարձրացնել նվազագույն աշխատավարձը։

Թուրքիայում տնտեսական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Թուրքական արժույթը արժեզրկման հերթական ռեկորդն է սահմանել: Վերլուծաբանները լիրայի անկումը կապում են Թուրքիայի ԿԲ-ի կողմից դեկտեմբերի 16-ին բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նոր իջեցման հետ։ 1 տարվա ընթացքում թուրքական արժույթն արժեզրկվել է ավելի քան 40%-ով։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

Թուրքիայում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամով վարակման առաջին 6 դեպքերը։ Երկրի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ դեպքերից մեկը գրանցվել է Ստամբուլում, մյուս 5-ը՝ Իզմիրում։

Ճապոնիայում գրանցվել է «Օմիկրոնով» վարակման 4 նոր դեպք։ Վարակակիրները երկիր են ժամանել արտերկրից։ Նոր շտամի առաջին դեպքերը Ճապոնիայում հայտնաբերվել են դեռ երկու շաբաթ առաջ: Ընդհանուր առմամբ, այս պահին Ճապոնիայում հայտնի է վարակման 17 դեպքի մասին։
Նույնն է պատկերը նաև Վաշինգտոնում․ այստեղ նույնպես բացահայտվել է «Օմիկրոնով» վարակման 4 դեպք։ Իշխանությունների փոխանցմամբ՝ վարակվածները չեն լքել Միացյալ Նահանգների տարածքը։

«Օմիկրոնն» արդեն հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Փորձագետները շարունակում են ուսումնասիրել կորոնավիրուսի նոր տարատեսակը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականների՝ նոր շտամն ավելի քիչ վտանգավոր է․ հայտնաբերված դեպքերի մեծ մասն ընթացել է առանց ախտանիշների կամ մեղմ և միջին ծանրության ախտանիշներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում