Տեղի է ունեցել Պուտին-Բայդեն երկրորդ հանդիպումը

ԴԴիանա Գասպարյան

ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը համաձայնության են հասել Պարսից ծոցը Սև ծովին կապող երթուղու գործարկման հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին:

Երթուղին նախատեսվում է փորձարկել մինչև 2022 թ. մարտին, որից հետո արդյունքները կամփոփվեն, և առաջացած խնդիրները կարգավորելու, բեռնափոխադրումների ծախսերն ու ժամանակը կրճատելու համար համապատասխան մեխանիզմներ կմշակվեն: Բեռները Աստարայից փոխադրվելու են Ադրբեջան, որտեղից էլ վրացական նավահանգիստներ, այնուհետև՝ Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ:
Հեդայաթիի խոսքով՝ Վրաստանն ու Ադրբեջանը շատ լուրջ են տրամադրված նախագծի իրագործման հարցում:

ՌԴ ԿՈՉԸ ՄԱԿ-Ի ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել տեղահանված անձանց և փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ուղղությամբ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինն այս մասին հայտարարել է կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում: «Մենք շահագրգռված ենք, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն ավելացնի աշխատանքները տեղահանված անձանց և փախստականներին վերադարձնելու ուղղությամբ, ինչպես դա ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,- ընդգծել է Կուզմինը։

Դիվանագետը նշել է, որ կազմակերպությունը կարող աջակցություն ցուցաբերել՝ չքաղաքականացնելով խնդիրը և շեշտը դնելով նեղ մարդասիրական բնույթի հարցերի վրա։ «Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ ենք անում շարունակել Երևանի և Բաքվի հետ երկխոսությունը՝ տարածաշրջան հասանելիություն ստանալու համար»,- նշել է նա:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԲԱՅԴԵՆ ՏԵՍԱԿԱՊՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը այս տարի արդեն երկրորդ հանդիպումն են անցկացրել, այս անգամ՝ տեսակապի միջոցով: Հանդիպումն անցել է փակ ռեժիմով և տևել է շուրջ երկու ժամ:
Երկու երկրների ղեկավարները կարևորել են ամռանը Ժնևում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի:

Հանդիպման առանցքային թեմաներից է եղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Առկա լարվածության թուլացման համար ՌԴ նախագահն ընդգծել է «նորմանդական ձևաչափով» ձեռք բերված Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը, իսկ Բայդենը նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ը և դաշնակից երկրները իրավիճակի հետագա էսկալացիայի դեպքում պատրաստ են համապատասխան քայլեր ձեռնարկել:

Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակը և հույս հայտնել, որ այս հարցի շուրջ նոյեմբերի վերջին Վիեննայում վերսկսված բանակցությունները թույլ կտան բոլոր մասնակիցների համար ընդունելի որոշումներ կայացնել։

Հանդիպման վերջում նախագահներՆ ընդգծել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության կարևորությունը՝ հաշվի առնելով միջազգային անվտանգության և կայունության ապահովման հարցում երկու երկրների պատասխանատվությունը։ Պուտինը և Բայդենը պայմանավորվել են հանձնարարել իրենց ներկայացուցիչներին՝ բովանդակալից խորհրդակցություններ անցկացնել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող զգայուն հարցերի շուրջ:

ՕՄԻԿՐՈՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԱԾՎԵԼ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը կարող է տարածվել երկու անգամ ավելի արագ, քան Դելտա շտամը։ Նման եզրակացության է հանգել Լոնդոնի համալսարանի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցը: Հետազոտողները, սակայն, դեռևս միանշանակ չեն կարող պատասխանել՝ արդյոք Օմիկրոն շտամը, մյուս տարբերակների հետ համեմատած, կարո՞ղ է հանգեցնել հիվանդության ավելի ծանր ընթացքի:

Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել տեղահանված անձանց ԼՂ վերադարձնելու ուղղությամբ: Կայացել է Պուտին-Բայդեն երկրորդ հանդիպումը: «Օմիկրոնը» երկու անգամ ավելի արագ է տարածվում «Դելտա» շտամից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում