Հաագայի դատարանն Ադրբեջանից պահանջել է բացառել գերիների հանդեպ բռնությունը

ՄՄերի Ներսիսյան

Ջոան Դոնոհյու, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ - Ադրբեջանի Հանրապետությունը, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով» ստանձնած իր պարտավորություններին համապատասխան՝ պետք է բռնությունից և խոշտանգումից պաշտպանի բոլոր այն անձանց, որոնք ձերբակալվել են 2020թ. Արցախյան հակամարտության ընթացքում, և ապահովի նրանց անվտանգությունն ու հավասարությունն օրենքի առջև:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը: Ըստ որոշման առաջին կետի՝ Ադրբեջանը պետք է բռնությունից պաշտպանի 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում կամ դրա հետևանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը և երաշխավորի նրանց հավասարությունն օրենքի առջև: Հաագայի դատարանը Բաքվից պահանջել է նաև կանխել ռասայական հիմքով ատելության և խտրականության հրահրումը:

Ջոան Դոնոհյու - Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական հիմքով ատելության և խտրականության հրահրումը և խրախուսումը էթնիկ հայկական ծագում ունեցող անձանց դեմ, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և պետական հաստատությունների կողմից:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ՝ Բաքուն պարտավորվում է կանխել հայկական մշակութային ժառանգության պղծումը:

Ջոան Դոնոհյու - Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և հայկական մշակութային ժառանգությունը պղծելու գործողությունները, ներառյալ, բայց չսահմանափակվելով, եկեղեցիները և այլ սրբավայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանները և արտեֆակտները:

Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշման մեջ արձանագրված է, որ երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որոնք կարող են բարդացնել կամ երկարացնել դատարանում քննվող վեճը կամ խոչընդոտել դրա լուծումը:

Հայաստանը սեպտեմբերի 16-ին դիմել էր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ գանգատ ներկայացնելով Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների հիմքով և դատարանին խնդրել՝ հրատապ միջոց կիրառել հայ գերիներին վերադարձնելու համար: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու պահանջի քննությունն սկսել էր հոկտեմբերի 14-ին և 4 օր հրապարակային քննել Հայաստանի և Ադրբեջանի հայցերը:

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով որոշման մեջ միջանկյալ երկու միջոց է առանձնացվել. Հայաստանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության հրահրումը և խրախուսումը, հաջորդ կոչը նույնն է, ինչ Հայաստանի հայցով որոշման մեջ` կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է բարդացնել կամ երկարացնել դատարանում քննվող վեճը կամ խոչընդոտել դրա լուծումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում