Դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել. ՊՆ փոխնախարարը՝ ԱԺ-ում

ՇՇողիկ Գալստյան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը հերթական անգամ չընտրվեց: Իշխող ուժն ութերորդ անգամ դեմ քվեարկեց Ղազինյանի թեկնածությանը:

Գեղամ Մանուկյանն Արթուր Ղազինյանին ներկայացնելուն զուգահեռ դժգոհեց՝ տևական ժամանակ է իշխանությանն առաջարկել են սահմանային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանում քննարկում կազմակերպել, սակայն արդյունք մինչև այժմ չկա: Հանձնաժողովի նախագահը հորդորեց օրակարգից չշեղվել և ելույթի համար նախատեսված երկու րոպեն չգերազանցել: Պատգամավորների այս երկխոսությունը վերածվեց վիճաբանության:

Նախորդ մի քանի նիստերը բոյկոտած Արթուր Ղազինյանն այսօր էլ որպես թեկնածու ելույթ չունեցավ, փոխարենը խոսեց հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությունից: Հրաժարվեց պատասխանել նաև պատգամավորների հարցերին:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր պետական սահմանի մասին օրենքին: Հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է օրենքում ֆիքսել՝ հակաօդային պաշտպանության զորքերը հակաօդային պաշտպանության միջոցները կօգտագործեն կառավարության սահմանած կարգով:

Արման Սարգսյան, ՀՀ պաշտպանության փոխնախարար - Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը:

Պաշտպանության փոխնախարարին հանձնաժողովի ընդդիմադիր անդամների հարցերի հիմնական մասը, սակայն, բուն նախագծի հետ կապ չունեին:

«Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանն էլ փորձեց պարզաբանել, թե ինչու են քննարկվող նախագծին չառնչվող հարցեր հնչեցնում: Ասաց՝ Պաշտպանության նախարարը հրաժավում է որևէ ձևաչափով հանդիպել ընդդիմադիրների հետ:

Իսկ Աննա Գրիգորյանի հարցից հետո, որը վերաբերում էր Փայլասարին, պաշտպանության փոխնախարարը հայտարարեց՝ պետական սահմանին դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել: Ընդդիմադիրները դժգոհեցին, թե պաշտպանության փոխնախարարը քաղաքական գնահատականներ է տալիս հարցերին և չմասնակցեցին քվեարկությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում