Հայ-չեխական գործակցության հեռանկարների քննարկում Երևանում

ԱԱրթուր Խաչատրյան

Հայ-չեխական տնտեսական գործակցության հարցերի միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել մեծ պատվիրակություն: Հայկական կողմից ոլորտային զեկույցներ էին պատրաստել գրեթե բոլոր նախարարությունների ներկայացուցիչները: Տեղեկատվական տեխնոլոգիաներ, կոմունիկացիա, էներգետիկա, գյուղատնտեսություն՝ բոլոր այս ոլորտներում մոտ ապագայում Հայաստանի Կառավարությունն ակնկալում է տեսնել չեխական կապիտալ: Որոշ ուղղություններով նախապատրաստվում են կոնկրետ ծրագրեր՝ նիստից հետո տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Վարոս Սիմոնյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մենք ունենք կոնկրետ պայմանավորվածություններ, և աշխատանքային խմբերի միջև կա պայմանավորվածություն՝ համատեղ ծրագրերի իրականացում կոնկրետ ոլորտներում:

Չեխական կողմի հետ այժմ քննարկումներ են ընթանում Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման հնարավորության շուրջ: Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովան հաստատեց՝ կա ստույգ հետաքրքրվածություն՝ իրագործել այդ նախագիծը:

Մարտինա Տաուբերովա (Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ) - Չեխական ընկերություններից մեկը շահագրգռված է ներդրումներ կատարել Ստեփանավանի օդանավակայանում և մատակարարել այնտեղ փոքր ինքնաթիռներ: Սակայն խոսքը միայն մատակարարման մասին չէ, սա պետք է դառնա երկարաժամկետ նախագիծ:

Չեխական կողմի հետ նաև քննարկվում է վերականգնվող էներգետիկայի և դեղագործության ոլորտներում ներդրումների հնարավորությունը: Այժմ առևտրաշրջանառությունը երկրների միջև զգալի ծավալների չի հասնում: Սակայն ներուժն ակնհայտ է՝ արձանագրում են կողմերը:

Հայաստանը Չեխիայի համար կարող է բացել 180 միլիոնանոց Եվրասիական տնտեսական միության շուկան: Առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտության մասին շաբաթներ առաջ հայտարարել են նաև Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարները: Եվրամիության անդամ հանդիսացող երկրի գլխավոր դիվանագետի հետ Հայաստան էր եկել չեխ գործարարների մեծ պատվիրակություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում