ԵԱՏՄ-ում էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումը համակարգային խնդիրներից է. Նիկոլ Փաշինյան

ԱԱրսեն Մկրտչյան

Եվրասիական տնտեսական միության ներսում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը կարևոր առաջնահերթություն է: ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հեռավար նիստում արձանագրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով՝ անհրաժեշտ է ակտիվացնել այդ ուղղությամբ քայլերը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների և սահմանափակումների: Այս հանգամանքով պայմանավորված` անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտները վերացնելու, ապրանքների և ծառայությունների շուկաներ ստեղծելու և միության ներսում արդյունավետ մատակարարման շղթաներ կառուցելու ջանքերը: Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը նույնպես կօգնեն նվազագույնի հասցնել կամ ամբողջությամբ վերացնել խոչընդոտները: Ելնում ենք նրանից, որ դրված խնդիրների լուծմամբ երկարաժամկետ հեռանկարում կշահեն բոլոր երկրները, կշահի Տնտեսական միությունը:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի համար արդիական է նաև Միության ներքին շուկաների պաշտպանությունը երրորդ կողմի տնտեսական ճնշման հետևանքով ի հայտ եկած բացասական էֆեկտի դեպքում:

Նիկոլ Փաշինյան - Այս համատեքստում պատասխան քայլերի մշակումը կարևոր տեղ ունի ինչպես Եվրասիական, այնպես էլ ցանկացած տարածաշրջանային ինտեգրացիոն միության օրակարգում: Հայաստանը պատրաստ է սերտ գործակցության՝ այս հարցում ընդհանուր մոտեցում մշակելու ուղիներ գտնելու համար՝ հաշվի առնելով անդամ երկրների փորձը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Միության տարածքում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորմանը: Ընդգծել՝ այն ոչ միայն ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր է, այլև՝ անհրաժեշտ նախապայման տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար:

Նիկոլ Փաշինյան - Հավանաբար, դա էլ բարդացնում է այդ շուկայի գործունեության վերաբերյալ սկզբունքների համաձայնեցումը՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու հետաքրքրությունները: Այդուհանդերձ, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ձևավորման մասին ապագա պայմանագրի լրամշակման, ինչպես և վիճելի հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության առումով զգալի առաջընթաց է գրանցվել: Հույս ունենք, որ այդ հարցերը կհաջողվեն լուծել խելամիտ ժամկետներում:

Հայաստանի վարչապետը չի շրջանցել նաև կլիմայի փոփոխության համաշխարհային խնդիրը, անհրաժեշտ համարել քայլերի մշակումը, որոնք կմեղմեն կլիմայի փոփոխության հետևանքները: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևոր է համարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը՝ միտված էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացմանը: Փաշինյանն անդամ երկրներին առաջարկել է զարգացնել էլեկտրամոբիլների շուկան, այդ գործում ներգրավել նաև գործարար ոլորտի և գիտական հանրույթի ներկայացուցիչներին:

Նիկոլ Փաշինյան - ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար նախադրյալների ստեղծումը ելնում է տնտեսական անվտանգության և բնակչության առողջության շահերից: Վստահ եմ, որ դա նաև կնպաստի նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, տնտեսության գիտելիքահենք ճյուղերի ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Եզրափակելով խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին և վերահաստատել հայկական կողմի հանձնառությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին:
 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում