ԵԽԽՎ ընդունած բանաձևում տեղ են գտել հայկական կողմի բոլոր մտահոգությունները. Ռուբեն Ռուբինյան

ԱԱրման Գալոյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում տեղ են գտել հայկական կողմի բոլոր մտահոգությունները: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընդգծում է՝ սեպտեմբերի 27-ին ընդունված բանաձևում ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ 44-օրյա պատերազմը հակամարտող կողմերի՝ Եվրոպայի խորհրդի անդամ լինելու պարտավորությունների խախտում է:

Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Ֆիքսվում են Թուրքիայի աջակցությամբ կամ մասնակցությամբ սիրիացի վարձկանների տեղափոխումը Ղարաբաղ և մասնակցությունը պատերազմին, հստակ կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, անկախ այն կարգավիճակից, որ տրված են այդ անձանց Ադրբեջանում:

Ավարտված նստաշրջանի ընթացքում վեհաժողովը քննարկել է նաև Հայաստանում հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրության վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդների զեկույցը, որով ընտրությունը գնահատվել է մրցակցային և լավ կազմակերպված:

Ռուբեն Ռուբինյան - Սա արդեն երկրորդ համապետական ընտրություններն են Հայաստանի, որ բարձր գնահատականի են արժանանում ԵԽԽՎ դիտորդների կողմից:

ԵԽԽՎ-ում չի շրջանցվել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումների թեման: Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսի դեմ Եվրամիության միջոցառումները ավելի վճռական են, քան Հայաստանում:

Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Եվրոպական միությունը գնում է բավականին կոշտ միջոցառումների, պատվաստումների թիվը Ֆրանսիայում հասել է մոտ 80-85%-ի, չպատվաստված կամ բացասական թեստ չունեցող անձանց չի թույլատրվում ժամանցային վայրերում գտնվել և այլն:

Անդրադառնալով հակապատվաստումային ակցիաներին՝ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց՝ միայն երեկ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 43 մարդ:

Ռուբեն Ռուբինյան - Այս պահի դրությամբ աշխարհում չի դեռևս ստեղծվել մի բան, որը պատվաստումից ավելի էֆեկտիվ կլինի: Հայտնի փաստ է, որ պատվաստումը 100%-ով չի պաշտպանում մարդկանց վարակվելուց, բայց ապացուցված փաստ է, որ պատվաստված լինելն էականորեն նվազեցնում է և՛ վարակվելու, և՛ ծանր տանելու ռիսկը:

Պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի խոսքով էլ՝ այժմ ընտրություն է ոչ թե պատվաստվելու և չպատվաստվելու, այլ ապրելու և չապրելու միջև:

Սոնա Ղազարյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Արդեն երեք օր է՝ ռեանիմացիոն ամբողջ մահճակալային ֆոնդը սպառված է, և մարդիկ հայտնվում են ռեանիմացիայում՝ բացարձակ պատվաստանյութերին դեմ գնալու արդյունքում, որովհետև ոչ մի պատվաստված անձ չի հայտնվում ռեանիմացիայում:

Քննարկմանը միացած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտնեց՝ խորհրդարանի շենք մուտք գործելիս շուտով անհրաժեշտ կլինի պատվաստման սերտիֆիկատ:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Հայաստանի Հանրապետությունում շատ կարճ ժամանակ անց մարդիկ առանց պատվաստման չեն կարողանալու տարբեր տեղեր մուտք գործել, այդ թվում՝ Ազգային ժողովի շենք:

Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում