ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի հարցով հոկտեմբերին լսումներ կանցկացնի

ՍՍոնա Աղբալյան

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանի նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել` հաղորդելով, թե ինքը Բաթումում է։ «Սա Բաթումն է: Բաթումի տեխնոլոգիական համալսարանը պետք է լիներ այստեղ, բայց այն քանդվեց: Ես շատ էի կարոտել այս վայրը: Այսօր իմ երազանքների իրականացման օրն է»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձում ու կոչ արել ընտրություններին քվեարկել իր հիմնադրած ուժի՝ Միացյալ ազգային շարժման օգտին։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, թե Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը: Ավելի վաղ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Սաակաշվիլին Վրաստան ժամանելուն պես կձերբակալվի:

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ

Հոկտեմբերի 14-19-ը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կքննի Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հակընդդեմ հայցերը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ: Ըստ Հաագայի դատարանի մամուլի ծառայության՝ հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած՝ նախնական միջոցների կիրառման պահանջին: Հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին: Համավարակի պատճառով հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով:

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ -ի Միջազգային դատարանում դատական գործընթաց սկսեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն:

ՆՈՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՈՒԵԼՍ ՆԱՀԱՆԳԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարական է տվել: Պատճառը նրա նկատմամբ սկսված հետաքննությունն է, որն իրականացնում է նահանգի Կոռուպցիայի գործերով անկախ հանձնաժողովը: «Չեմ կարող ասել, թե հանձնաժողովի համար որքան ժամանակ կպահանջվի հետաքննությունն ավարտելու համար․․․ ես ցավով եմ հայտարարում, որ այլ ելք չունեմ, բացի վարչապետի պաշտոնից հրաժարվելը»,- ասել է Բերեջիկլյանը։ Նա նշել է, որ իր հրաժարականն ուժի մեջ կմտնի, հենց որ Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցությունը կարողանա նոր առաջնորդ ընտրել։ Կոռուպցիոն հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյոք Բերեջիկլյանը նախկին պատգամավոր Դերիլ Մագուայրի հետ անձնական հարաբերություններով չի՞ խախտել հանրային վստահությունը։ 2020-ի հոկտեմբերին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը խոստովանել էր, որ երկար ժամանակ գաղտնի հարաբերություններ է ունեցել նախկին պատգամավոր Դերիլ Մագուայրի հետ, որին կասկածում էին Չինաստանի քաղաքացիներին վիզաներ վաճառելու համար: Վարչապետն այդ հարաբերություններն անձնական սխալ էր անվանել։

ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Թեհրանը շարունակում է ճնշումը Բաքվի նկատմամբ: Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեին դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի առնչությամբ։ Աբդոլլահիանը կրկնել է, որ զորավարժությունների անցկացումը երկրների ինքնիշխան իրավունքն է:

Հոկտեմբերի 1-ին Իրանի զինված ուժերը նոր զորավարժություն են սկսել երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան և այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում