2022 թ. բյուջեում արտահայտված նպատակադրումները հավակնոտ և իրատեսական են. ՀՀ վարչապետ

ԱԱնուշ Մուրադյան

Նպատակադրումները, որ արտահայտված են 2022-ի պետբյուջեում, հավակնոտ են ու իրատեսական՝ գործադիրի նիստի սկզբում հայտարարեց վարչապետը: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, որ հաստատեց կառավարական կաբինետը, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հենվում է երեք առաջնահերթության վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում և կրթության ու գիտության արդիականցում: Այս հիմնական հենասյուներին վարչապետն առանձին-առանձին անդրադարձավ: 

Երկրի ղեկավարը նորից կարևոր համարեց տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը, որը, նրա գնահատմամբ, կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը, ապահովել երկարաժամկետ ներառական աճ, նաև օտարերկրյա ներդրումների համար երկիրը դարձնել ավելի գրավիչ: Այս համատեքստում Փաշինյանն առանցքային նշանակություն տվեց կրթության զարգացմանը:

Երկիրն այսօր էլ կանգնած է դժվարին մարտահրավերների առջև՝ ելույթում նորից շեշտեց վարչապետն ու նկատեց՝ հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն կառավարության տնտեսական միջամտությունները, այլև հասարակական ու մշակութային վերափոխումներ: Պետք է բարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, զարգանա աշխատանքային մշակույթը: Մեկ բյուջեով լուծել բոլոր խնդիրներն, իհարկե, հնարավոր չէ, ասաց Փաշինյանն ու բացատրեց՝ ձգտել են զգուշորեն բալանսավորել կառավարության առաջանահերթությունները: Նախագծում տեղ գտած կարևոր թվերն էլ ֆինանսների նախարարը ներկայացրեց: Գործադիրը նախատեսում է 2022-ի ավարտին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 60.2 տոկոսի: Գլխավոր ֆինանսական պլանով նախանշված է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, շեշտ է դրվել նաև հարկային եկամուտների ավելացման վրա:

Կշարունակվեն ճանապարհների, ջրամբարների, մեծ ծավալով կավելանան դպրոցների, մանկապարտեզների, մարզադպրոցների, առողջապահական հաստատությունների կառուցման ու հիմնանորոգման աշխատանքները: Ենթակառուցվածքների ապահովմանն ուղղվող գումարն արդյունքում 36 տոկոսով ավելի կլինի քան 2021-ի բյուջեով էր: Նախագծով ավելանալու է նաև կրթության ու գիտության ֆինանսավորումը:

2022-ի հունվարի 1-ից էլ Կառավարության նոր ծրագրով ընտանիքը երրորդ երեխայից սկսած յուրաքանչյուրի համար ամսական 50 հազար կստանա մինչև 6 տարեկանը: Կարևոր ծրագրերի վարչապետն առանձնացրեց նաև «Հյուսիս- հարավ» ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը, որի շինարարությունը նախատեսվում է սկսել 2022-ի վերջին: Աննախադեպ որակելով կապիտալ ծախսերի համար պլանավորվող 350 միլիարդ դրամը, Փաշինյանը նախարարական կաբինետին հանձնարարեց այսօրվանից աշխատել այդ ուղղությամբ:

Ոլորտում ներդրում անելու համար լավագույն խթանը, ըստ Կառավարության ղեկավարի, այն է, որ պետական գնումների մրցույթներն այլևս արդար են ու թափանցիկ: Բայց որ մասնավորը ներդրումներ անելու հարցում ավելի շահագրգռված լինի՝ նոր գործիքներ են մշակվելու: 

Առերեսվելով եղած մարտահրավերներին ու փորձելով լուծել դրանք՝ Կառավարությունը պատրաստվում է աշխատել՝ նպատակ ունենալով Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել՝ եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում