«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հակադարձել է Ալիևին

ՆՆարե Թադևոսյան

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԱԼԻԵՎԻՆ

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությանը, որը France 24-ին տված հարցազրույցում կառույցին մեղադրել է «կողմնակալության և Ադրբեջանի նկատմամբ անարդար վերաբերմունքի» համար:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 167-րդ տեղը: Առաջատար անկախ լրատվական կայքերի հասանելիությունն այնտեղ արգելափակված է։ Ընդդիմադիր ԶԼՄ-ների մեծ մասը լռեցվել են կամ ստիպված են եղել տեղափոխվել արտասահման։ Իսկ քիչ թվով անկախ լրագրողները, որոնք գտնվում են Ադրբեջանում, ցանկացած պահի կարող են բանտարկվել:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործել են իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրը 40 լրագրողի, այդ թվում՝ արտասահմանում բնակվող որոշ անձանց հետևելու համար:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ՍԵՆԱՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանձնաժողովում լսումների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի առաջադրված թեկնածու, նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքին՝ վերջինիս դիրքորոշումը ճշտելու նպատակով:

Ջեֆ Ֆլեյքը նախկինում բազմիցս դեմ է քվեարակել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկման ժամանակ: Չնայած այդ հանգամանքին` լսումների ժամանակ նա հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Ֆլեյքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Թուրքիայի դերը բնութագրելով որպես ապակայունացնող:
«Եթե թեկնածությունս հաստատվի, կխրախուսեմ Թուրքիային աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն երկարաժամկետ լուծում գտնելու ջանքերին և կխրախուսեմ Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունների խաղաղ և դիվանագիտական լուծումների հարցում»,- նշել է նա:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ «ԲԱՅՐԱՔԹԱՐԻ» ՀԵՏ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ին համագործակցության հուշագիր է ստորագրել թուրքական Bayraktar ընկերության հետ: Ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրել է պաշտպանության նախարար Անդրի Տարան, թուրքական կողմից` «Բայրաքթարի» գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը:

Թուրքական ընկերությունը կիրականացնի Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ վերանորոգման և արդիականացման, ինչպես նաև «Բայրաքթար» ԱԹՍ-ի շահագործման հետ կապված անձնակազմի ուսուցում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ համագործակցության հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը: «Բայրաքթարը» նախատեսում է սեփական միջոցները ներդնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետներ:

2018 թվականի նոյեմբերին Ուկրաինան Թուրքիայից գնել էր 69 միլիոն դոլարի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր: Պայմանագիրը ներառում էր վեց մարտական անօդաչու թռչող սարք, երկու կառավարման կայան և 200 ուղղորդվող հրթիռ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Թուրքիայից կգնի ևս 24 ԱԹՍ:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼՔՈՒՄ Է ԻԴԼԻԲԸ

Մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Սիրիայի ռազմական շրջանակների աղբյուրների, հայտնում են, որ թուրքական բանակը Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային շրջաններից նահանջում է դեպի հյուսիս: Զորքերի տեղաշարժը սկսվել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո: Իդլիբի մի մասից արդեն դուրս են եկել թուրքական տանկերը և այլ զրահատեխնիկան:

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կոչ է արել Միացյալ Նահանգներին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, քանի որ դրանք անօրինական են գտնվում այնտեղ:

ՎԱՏԻԿԱՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Վատիկանը հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներից պահանջվելու է պատվաստման ապացույց կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պատվաստվել է դեռ հունվարին, մարդկանց բազմիցս հորդորել է պատվաստվել` դա անվանելով բարոյական պարտք:

Աշխատողները, ովքեր չունեն համապատասխան փաստաթղթեր, կհամարվեն «ոչ հիմնավոր պատճառով բացակայողներ» և աշխատավարձ չեն ստանա:

Նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում