Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով. ՀՀ վարչապետ

ՎՎարդան Հովսեփյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆ

Նիկոլ Փաշինյա (ՀՀ վարչապետ) -

Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընդհանուր քննարկումներին Հայաստանի վարչապետը հեռավար ելույթը սկսում է Հարավային Կովկասում իրավիճակի նկարագրությամբ, ներկայացնում գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ Երևանի տեսակետներն ու առաջարկությունները: Կառավարության ղեկավարը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի, քառասունչորսօրյա պատերազմը խլեց մի քանի հազար մարդու կյանք, տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ:

Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Վարչապետի խոսքով՝ արյունահեղությունը Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել, նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն ստորագրվեց, Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի խաղաղապահ ուժեր, որոնք այսօր այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքն են:

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականին, որը նաև կառավարության 2021-2026 թվականների գործունեության առանցքային դրույթներից է: Փաշինյանի խոսքով՝ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը կառավարությանը մանդատ է տվել՝ իր ձևակերպմամբ՝ այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար: Վարչապետը նաև նկատում է, որ կառավարությունն այդ կարևորագույն մանդատը ստացավ այնպիսի ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո սա Հայաստանում տեղի ունեցած երկրորդ ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդները գնահատել են մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող:

Նիկոլ Փաշինյան - Եվ ուրեմն, ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը: Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը:

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչև օրս գերության մեջ է պահում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացու, այլև նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-20 տարվա ազատազրկման: Կան նաև քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչև օրս չի հաստատում, չնայած նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ:

Նիկոլ Փաշինյան - Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու անհերքելի ապացույցներ ունենքԹշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ է Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակը, որտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:

Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց մենք հետևողականորեն առաջ ենք տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով:

ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Այս իմաստով Հայաստանի վարչապետը չափազանց կարևոր է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին նշված է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարևոր նախապայմաններից է:

Նիկոլ Փաշինյան - Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման և թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաև այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:

Եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը, վարչապետ Փաշինյանի համոզմամբ, պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով Երևանն առաջարկում է օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը: Բացի այդ, անհրաժեշտ է նաև վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Նիկոլ Փաշինյան - Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար:

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման մասին: Վարչապետ Փաշինյանն արձանագրում է, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացն այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ, և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ այն պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս տարվա մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Այս իրավիճակից դուրս գալու համար Հայաստանն առաջարկել է հետևյալ գործողությունները.

Նիկոլ Փաշինյան - Նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային հետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ և միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի:

Հայաստանը հավատարիմ է կառուցողական և ներառական երկխոսությանը բոլոր գործընկերների հետ և պատրաստ գործադրել է բոլոր ջանքերը՝ նպաստելու գլոբալ այնպիսի մարտահրավերների հաղթահարմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, COVID-19-ի համավարակը, միջազգային խաղաղության և անվտանգության, կայուն զարգացման խնդիրները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում