Հյուսիս-հարավի չորրորդ հատվածի շինարարությունը երրորդ հանրապետության ամենամասշտաբային նախագիծն է. վարչապետ

ԱԱնուշ Մուրադյան

Սիսիանը Քաջարանին կապող՝ Հյուսիս-հարավի շրջանակում կառուցվելիք նոր ճանապարհի ներդրումային ծրագիրն այսօր գործադիրը հաստատեց միաձայն: Խոշորածավալ շինարարությունը, ըստ հաշվարկների, կմեկնարկի 2022-ի ավարտին: Ոլորտային փոխնախարար Վաչե Տերտերյանը հիշեցրեց՝ սա Հայաստանը Իրանին կապող նոր ռազմավարական նշանակության ճանապարհ է լինելու՝ բարձր որակի, արագընթաց, հուսալի:

Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար) - 100 կմ/ժամ հաշվարկային 4.7 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված է, կլինեն կամուրջներ, դրանք բազմաթիվ են:

Վաչե Տերտերյանն առանձնացրեց հատկապես Բարգուշատի 8.6 կմ-անոց թունելը, բարդ ռելիեֆի պայմաններում այն եզակի կառույց է լինելու: Դեպի հարավ տանող նոր ճանապարհ ունենալու համար 487 հազար մլրդ դրամ է անհրաժեշտ: Ու մինչև տեխնիկան գործի կանցնի, նախ գնումների, մրցութային փուլ է սպասվում: Սիսիան-Քաջարանին որպես շարունակություն Քաջարան-Ագարակն է լինելու: Ի՞նչ փուլում է այդ նախագիծը՝ Պապիկյանից հետաքրքրվեց վարչապետը:

Սուրեն Պապիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Դա ավելի հեշտ է, ունենք ներգրավված ֆինանսական միջոցներ, առավել բարդը Քաջարանի թունելն է, դրան առանձին պետք է անդրադառնանք:

Հյուսիս-հարավի այդ՝ չորրորդ հատվածի շինարարությունը որակելով երրորդ հանրապետության ամենամասշտաբային նախագիծը՝ վարչապետը նկատեց՝ այն նոր որակ կհաղորդի երկրի ներքին ու արտաքին տնտեսական կապերին:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա նոր որակ կբերի մեզ, Իրանի հետ, նաև որոշակի հետաքրքրություն կառաջացնի Պարսից ծոցը Սև ծովին կապելու նախագծի շրջանակներում:

Հիմա ընդհանուր մայրուղուց ակտիվ շինարարությունը Թալին-Գյումրի հատվածում է: Այն մի ուղղությամբ պիտի շահագործվեր դեռ 2020-ին, բայց կորոնավիրուսը ծրագրերը հետաձգեց, Պապիկյանը հույս ունի, որ շինարարները խոստումը կպահեն, վերջնաժամկետին կհասցնեն:
 
Նոր կտորում մայրուղու արտաքին շերտն արդեն ասֆալտբետոնյա է՝ սա երկար քննարկումների արդյունքում է որոշվել՝ նշեց վարչապետը, ասաց՝ միայն բետոնե ծածկով ճանապարհից հրաժարվելու պատճառը նաև կլիմայական պայմաններն են:
 
Այսօր գործադիրը որոշեց ու հրաժարվեց եկամտային հարկի վերադարձման գործընթացում ավելորդ թղթաբանությունից: ՊԵԿ նախագահը զեկուցեց՝ 2022-ի հունվարի 1-ից անցնում են էլեկտրոնային համակարգի: Փոփոխությամբ՝ նորակառույցում հիփոթեքով բնակարան ձեռք բերող քաղաքացին միայն մեկ անգամ՝ սկզբում հարկայինին կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ու այլևս 3 ամիսը մեկ թղթային տարբերակով դիմում չի գրի:

Ռուստամ Բադասյան (ՊԵԿ նախագահ) - 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվել են լոգին, պառոլ, ու ինքը անձնական գրասենյակ է ունենալու: Ինքնաշխատ դիմում է ներկայացվելու, և հաշվարկվելու է ու վերադարձվի բանկի հաշվի վրա:

Գործընթացը կարագանա, կպարզեցվի, ու դժգոհություններ էլ չեն լինի՝ ասաց Բադասյանը, հավելեց՝ վերջին երկու տարում դիմողների թիվն աճել է: 

Մինչև էլեկտրոնային համակարգի գործարկումը, 2021-ի վերջին եռամսյակում էլ եկամտահարկի վերադարձի ժամկետը կսեղմվի, գործընթացը 5-8 աշխատանքային օրում կարվի՝ խոստացավ ՊԵԿ նախագահը:

Զեկուցվող վերջին հարցով էլ Կառավարությունը միջոցների վերաբաշխում արեց տրանսպորտային ծախսերում: Տարածքային կառավարման նախարարությունը 14.6 մլն դրամ է վճարել մասնավոր կազմակերպություններին, որ պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած ու սոցիալապես անապահով խավի 3200 երեխաներն ամռանը 20 օրը մեկ երկու հերթափոխով տեղափոխվեին ճամբարներ: Այստեղ վարչապետը հիշեց դեռ ծրագրից առաջ եղած քննարկումները:
 
Կրթական բաղադրիչը ճամբարային առօրյայի մասն է եղել՝ հավելեց կրթության նախարարը: Կազմակերպվել են մշակութային, գիտական, առողջ ապրելակերպը խթանող միջոցառումներ: Բովանդակությունից սկսած մինչև կենցաղային պայմաններ՝ ամեն ինչ կմշակվի ու ավելի բարձր որակի կբերվի արդեն հաջորդ ամռան համար՝ ընդգծեց Վահրամ Դումանյանը:

Փոխնախարար Տերտերյանն էլ հիշեցրեց՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու արդյունքում ճամբարներում որևէ վարակման դեպք չի գրանցվել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում