ՊԵՐՄՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱ 8 ԶՈՀ
Պերմի պետական համալսարանում հրաձգության հետևանքով կա առնվազն ութ զոհ, վեց վիրավոր: Նախնական տվյալով կրակողը համալսարանի 18-ամյա ուսանող է, որը նույնպես մահացել է:
ԻՐԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱ Է ԿՈՒՏԱԿՈՒՄ
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակին: Ըստ IRNA գործակալության, Խաթիբզադեն ընդգծել է, որ իրենց առաջնահերթությունը հարևան երկրների տարածքային ամբողջականության քաղաքականությունն է և Թեհրանը փորձում է հավասարակշռված աջակցել հարևաններին: Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետևողական է այդ հարցում և պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին: Ուշագրավ է, որ Թեհրան-Բաքու հարաբերություններում նկատվող լարվածության ֆոնին Իրանն Ադրբեջանի հետ սահմանին արդեն մի քանի օր է կուտակում է մեծ քանակությամբ ծանր ռազմական տեխնիկա: Հաղորդվում է իրանական կողմը սահմանի մոտակայքում նախատեսում է անցկացնել զորավարժությունները:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին մեկնաբանել է հանրապետության մուտքը Շանհայի համագործակցության կազմակերպություն: Նախագահն Իրանի լիիրավ անդամակցությունը կառույցին դիվանագիտական հաջողություն է անվանել: Նա նշել է, որ հանրապետության ներկայությունը կազմակերպությունում ստեղծում է ամուր տնտեսական կապեր երկրների միջև և նշանակում է Իրանի ներառումը Ասիայի տնտեսական ենթակառուցվածքներում:Նա կոչ է արել հանրապետության ԱԳՆ-ին և համապատասխան այլ գերատեսչություններին ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ որքան հնարավոր է արագ աշխատանքներին ներգրավվելու համար:
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ՀԵՌԱՎԱՐ
Ռուսաստանում սեպտեմբերի 19-ին ավարտվեց խորհրդարանի ընտրության եռօրյա քվեարկությունը: ԿԸՀ տվյալներով ձայների մեծամասնությունը ստանում է իշխող Եդինայա Ռոսիյա կուսակցությունը. Պետական դումայում նա այն կունանա սահմանադրական մեծամասնություն: Երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է՝ մոտ 20 տոկոս ձայներով, երրորդը՝ Ժիրինովսկու կուսակցությունը՝ ավելի քան 7 տոկոս։ Նախնական տվյալներով, Սպրավեդլիվայա Ռոսիան և Նոր մարդիկ կուսակցությունները ևս կանցնեն Դումա: Առաջին անգամ անցկացվել է նաև հեռավար էլեկտրոնային քվեարկություն, այդպես են քվեարկել նաև նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Միխայիլ Միշուստինը:
ԲԱՅԴԵՆԸ ՄԱԿՐՈՆԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Ավստրալիայի հետ ծագած դիվանագիտական ճգնաժամի հարցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կքննարկի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ավստրալիան խզել էր Ֆրանսիայի հետ սուզանավերի արտադրության պայմանագիրը, փոխարենը անվտանգային նմանաստիպ դաշինք էր կազմել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ: Մակրոն հետ հեռախոսազրույցի առաջարկ է արել ԱՄՆ նախագահը: Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վաշինգտոնից և Կանբերայից իր դեսպաններին: Փարիզը դեսպանին հետ չկանչեց Լոնդոնից, քանի որ, ըստ Ֆրանսիայի, Բրիտանիան վարում է մշտական պատեհապաշտության քաղաքականություն:













