ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱԱրսեն Մկրտչյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չի համարում: Երևանում անցկացվող ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսին ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերահաստատեց՝ հարցը մնալու է հակամարտության կարգավորման մանդատ ու լեգիտիմություն ունեցող Մինսկի խմբի օրակարգում:

Լին Թրեյսի (Հայաստանում ԱՄՆ դեսպան) - Մենք, իհարկե, անում ենք ամենը, որպեսզի կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով: Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը»:

ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանի ուշադրության կենտրոնում է նաև գերիների վերադարձի հարցը: Թեև եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տասը ամիս, և Ադրբեջանը շարունակում է չկատարել գերիների վերադարձի պարտավորությունը, դեսպանն ընդգծում է՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը որոշակի հաջողություն ունեցել են այս հարցում:

Լին Թրեյսի - Լիահույս ենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ Ադրբեջանում հայ գերիների սպանությունների և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին, դիվանագետը նշեց՝ բոլոր երկրներն ու անհատները պետք է հարգեն մարդու հիմնարար իրավունքները:

Լին Թրեյսի - Մենք ուշադիր հետևում ենք բոլոր նմանատիպ դրսևորումներին և կշարունակենք գործակցել բոլոր կողմերի հետ՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու համար:

Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանն ու գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանները հրապարակել են «Ադրբեջանի պատասխանատվությունը՝ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» թեմայով անգլերեն արտահերթ զեկույցը: Դրանում ապացույցներ կան, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տասնյակ հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք ենթարկվել են ֆիզիկական խոշտանգումների և հոգեբանական ճնշումների:



Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում