Մոսկվայում է Բելառուսի նախագահը

ՄՄերի Ներսիսյան

Իսրայելը չի քննարկում Գոլանի բարձունքների վերադարձը Սիրիային՝ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Ներկայում Իսրայելի և Սիրիայի միջև բանակցություններ չեն ընթանում: Բանակցելու բան առանձնապես չկա»,- շեշտել է նա: Լավրովն ու Լապիդն անդրադարձել են Սիրիայում տիրող իրավիճակին, պաղեստինաիսրայելական հարաբերությունների կարգավորման և երկկողմ հարցերի այլ շրջանակի: Հանդիպման առանցքային թեմաներից է եղել նաև պատվաստումների վկայականների փոխադարձ ճանաչման հարցը. այդ քայլը թույլ կտա վերսկսել ճամփորդությունների հոսքը երկու երկրների միջև:

*****

Մոսկվայում է Բելառուսի նախագահը: Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման օրակարգում Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների խթանմանն ուղղված աշխատանքների արդյունքներն են, ինչպես նաև ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացման այլ հարցեր: Բացի այդ, Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի կապակցությամբ նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ, ներառյալ՝ Աֆղանստանում առկա իրավիճակը: Պուտին-Լուկաշենկո վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին:

*****

Իրանը կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Կազմակերպությունում ընդգրկվելու ընթացակարգի մեկնարկի մասին նախատեսվում է հայտարարել Տաջիկստանում կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները: Կազմակերպության գագաթնաժողովը կկայանա Դուշանբերում՝ սեպտեմբերի 16-ին և 17-ին: Ներկայում կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պաշտպանում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցելու Թեհրանի հայտը, քանի որ Ռուսաստանը և Իրանը «մոտ են, իսկ մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ դիրքորոշումները համընկնում են»:

*****

ՀԱՊԿ-ում կարծում են, որ պետք է պատրաստ լինել Աֆղանստանում իրավիճակի ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Նրա խոսքով՝ աֆղանստանյան զարգացումներով պայմանավորված՝ նախատեսվում են մի շարք զորավարժություններ:

*****

Եվրամիությունն Աֆղանստանում թալիբների ժամանակավոր կառավարությանը չի համարում ներառական և ներկայացուցչական ո՛չ էթնիկ, ո՛չ կրոնական տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն։ Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության կազմը ներառում է միայն «Թալիբան» շարժման անդամներին, կին նախարարներ չկան: Դեռ սեպտեմբերի 2-3-ը Լյուբլյանայում կայացել է Եվրամիության արտագործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումը, որի շրջանակում քննարկվել է նաև Աֆղանստանի նոր իշխանության ճանաչման հնարավորությունը: Եվրոպացի գործիչները պայմանավորվել են, որ այդ հարցում առաջնորդվելու են մի շարք չափորոշիչներով, որոցից են կառավարության ներառականությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և այլն:

*****

Աշխարհում 5.5 մլրդ դեղաչափ պատվաստանյութ է օգտագործվել։ Տեղեկությունը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ պատվաստումների մեծ մասն արվել է բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչը, ըստ նրա, վկայում է անհավասարության մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակն է, որպեսզի մինչև սեպտեմբերի վերջ յուրաքանչյուր երկրում պատվաստվի բնակչության 10 տոկոսը, իսկ մինչև տարեվերջ՝ 40 տոկոսը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում