Պլանավորված գործողություն. Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրական եզրակացության հրապարակումը ձգձգվում է

ՄՄարիա Գաբրիելյան

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացության հրապարակումը ձգձգվում է. գործով մեղադրող դատախազը սա պաշտպանների կողմից պլանավորված գործողություն է համարում:

Այսօրվա նիստում նախագահող դատավորը նախ նկատողություն տվեց նախորդ նիստի ընթացքում առանց դատարանի թույլտվության նիստերի դահլիճը լքած Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանին, ապա մեկ օրինաչափություն արձանագրեց, որը նկատել է պաշտպանության կողմի վարքագծում:

Դատավոր Աննա Դանիբեկյան - Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանը մեղադրողներին առաջարկում է հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, պաշտպանության կողմը փորձում է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, որը քննարկման առարկա չդարձնելու դեպքում լքում են դատական նիստերի դահլիճը:

Դատավորի խոսքով՝ այս գործողություններով պաշտպանները փորձում են արգելափակել իրենց համար ոչ ցանկալի գործողությունները։

Աննա Դանիբեկյան - Այդ իսկ պատճառով դատարանն այս պահին որևէ միջնորդության քննարկման չի անդրադառնալու և անցնում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասին:

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ հայտարարություն ունի անելու՝ այս գործով որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան հանդես գալու վերաբերյալ։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, ի պատասխան հայտարարեց, որ սա հերթական գործողությունն է՝ կանխելու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյան - Խոսքից ակնհայտ է, թե ինչ գործողություն է նախապատրաստվում: Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ որոշեց, որ այլևս չի մասնակցելու սույն գործով վարույթին, խնդրում եմ դատարանին հնարավորություն տալ հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը՝ առանց որևէ գործողություն կատարելու:

Դատարանը ընդունեց դատախազի առարակությունը և չլսեց Էրիկ Ալեքսանյանի հայտարարությունը։

Ալեքսանյանը այնուամենայնիվ, հայտարարեց՝ դադարեցնում է որպես Արմեն Գևորգյանի պաշտպանի՝ իր պարտականությունները, քանի որ իր և Աննա Դանիբեկյանի դատավարական հարաբերությունները չեն ստացվում․

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան - Դուք հակակրանք ունեք իմ նկատմամբ և դա զարմանալի չէ այնքանով, որքանով ես Ձեզ հետ իրավական վեճ ունեմ մինչ օրս զարգացվող։ Դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող է մի անձ մյուս անձին վերաբերվել բարիդրացիական, երբ ցանկանում է նրան ենթարկել քրեական պատասխանատվության։ Ես նման պայմաններում չեմ կարող շարունակել գործով Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Դուք Ձեր էմոցիաները այլևս չեք կարողանում զսպել իմ դեպքում:

Այս հայտարարությունից հետո Էրիկ Ալեքսանյանն առանց դատարանի թույլտվության լքեց դատական նիստերի դահլիճը։

Արմեն Գևորգյանը հայտարարեց՝ համամիտ է Ալեքսանյանի հետ՝ ստեղծված իրավիճակում նա չի կարող շարունակել իր շահերի պաշտպանությունը և պետք է նոր պաշտպաններ ներգրավի։

Դատախազ - Բոլորի համար ակնհայտ է, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի մեղադրական եզրակացության մեջ առկա հաստատված փաստերը հրապարակվեն:

Պաշտպանական կողմը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ իրենք պատրաստ են հանրայնացնել մեղադրական եզրակացությունը, և այստեղ ինտրիգ չկա:

Աննա Դանիբեկյանը մինչև սեպտեմբերի 28-ը հետաձգեց դատական նիստը:

Այդ ընթացքում Արմեն Գևորգյանը պետք է ներգրավի նոր պաշտպան, որն էլ պետք է հասցնի ծանոթանալ նյութերին։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում