Կառավարությունը որոշել է վերացնել անհավասար պայմաններ ստեղծող ներմուծվող ապրանքների արտոնությունները

ԱԱրսեն Մկրտչյան

Կառավարությունը պատրաստվում է վերացնել ներմուծվող ապրանքներին տրվող բոլոր այն արտոնությունները, որոնք մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծում տեղական արտադրանքի նկատմամբ: Խնդրի մասին բարձրաձայնել են Արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչները էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ: Նախարարը տեղեկացրել էր, որ խնդիրը վերացնելու համար շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ: Քերոբյանը նաև խոսել է հայկական արտադրանքը խթանելու մասին:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Օրինակ՝ հիմա նախաձեռնություն ունենք Եվրասիական տնտեսական միությունում ներմուծված գինիների համար՝ մաքսատուրքերը կտրուկ բարձրացնել, որպեսզի հայկական գինիները, օրինակ՝ ունենան շատ ավելի լավ մրցակցային դիրք այլ երկրներից ներմուծված գինիների նկատմամբ:

Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ներմուծման արտոնությունների հետ կապված խնդրին ինքն էլ է բախվել որպես գործարար:

Արմեն Մարտիրոսյան (Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ) - Երբ Հայաստան ես ներմուծում գիրք, ապա ավելացված արժեքի հարկ և մաքսատուրք չես վճարում: Բայց եթե Հայաստանում ես ուզում այդ գիրքը արտադրել, դու պետք է բոլոր հումքի տեսակների համար ավելացված արժեքի հարկ, շատ դեպքերում՝ և այլ տիպի վճարներ անես, որպեսզի կարողանաս այդ գիրքն արտադրես: Ես կառաջարկեի, որ Հայաստանում լինի ավելացված արժեքի հարկ գրքի, բայց դա լինի մի քիչ ավելի պակաս, քան սովորական ավելացված արժեքի հարկն է:

Ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի՝ թեպետ խնդիրն առկա է, սակայն դա չի կարող վերաբերել ներմուծման բոլոր արտոնություններին:

Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Մենք պետք է նայենք դեպք առ դեպք, յուրաքանչյուր դեպքում շատ զգույշ մոտեցում: Այսինքն՝ մենք չենք կարող մի օրենք ընդունենք, որը համատարած բոլոր ներկրվող ապրանքները կկարգավորի, այսինքն՝ ներկրվող ապրանքների արտոնությունները կվերացնի: Բոլորովին վերջերս ցեմենտի հետ կապված նման խնդիր առաջացավ, և երբ արգելվեց այդ ցեմենտային կլինկերի ներմուծումը Հայաստան, ցեմենտի գինը ներքին շուկայում մեծացավ:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ստացվում է, որ Հայաստանը խրախուսում է օտարերկրյա արտադրողին, այլ ոչ սեփականին:

Արմեն Մարտիրոսյան - Մենք ոչ թե ուզում ենք մեզ խրախուսեն, այլ ուզում ենք ուղղակի հավասար դաշտում հայտնվել օտարերկրյա տպագրական ընկերությունների հետ:

Տնտեսագետի կարծիքով՝ արտադրողին պաշտպանելով՝ չպետք է մոռանալ նաև սպառողների շահերի մասին:

Կարեն Սարգսյան - Եթե ներքին արտադրողը ձգտելու է նրան, որպեսզի դրսի ներմուծումը սահմանափակվի, որպեսզի ինքը ավելի արտոնյալ պայմաններ ստանա ներսում, սա ևս անթույլատրելի է: Այսինքն՝ սա բերելու է գների անհամեմատ բարձրացման, մենաշնորհների և այլն:

Գործարարների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ խնդիրն առկա է մի շարք ոլորտներում, այդ թվում նաև՝ տեքստիլ արդյունաբերության, և էկոնոմիկայի նախարարության կազմած նախագիծը հենց հայաստանյան բիզնեսին աջակցելու համար է:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում