Թալիբները շրջափակել են Փանջշեր նահանգը

ՄՄարիամ Մխիթարյան

Աֆղանստանից ստացված տեղեկությունների համաձայն՝ «Թալիբան» շարժման գրոհայինները շրջափակել են երկրում դիմադրության վերջին օջախներից մեկը՝ Փանջշեր նահանգը, որի բնակչության ճնշող մեծամասնությունն էթնիկ տաջիկներ են: Թալիբները հայտարարել են բանակցելու պատրաստակամության մասին: «Աֆղանստանի Իսլամական էմիրությունը ձգտում է համակարտության խաղաղ կարգավորման»,- նշված է «Թալիբանի» տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ թալիբները դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդին չորս ժամ ժամանակ էին տվել հանձնվելու համար, ինչին նա պատասխանել էր, որ Փանջշերի բնակիչները պատրաստ են դիմակայությանը: Դիմադրության առաջնորդը հավաստիացրել էր, որ իր օգնության կոչին արձագանքել են աֆղանական բանակի մարտիկները և նրանք զենքով ու զենտեխնիկայով շարժվում են Փանջշեր:

Սոցիալական ցանցերում «Թալիբանի» ներկայացուցիչները հայտնել են, որ զինյալներ են ուղարկել Փանջշերի կիրճ, քանի որ «տեղական իշխանությունների ներկայացուցիչները հրաժարվել են այն խաղաղ ճանապարհով հանձնել»:
Ավելի վաղ թալիբները մեծաթիվ ուժերով ճնշել էին դիմադրության մեկ այլ օջախ՝ Բագլան շրջանում:

Ըստ աֆղանստանյան աղբյուրների՝ թալիբների ձեռքում է հայտնվել մեծ քանակությամբ արևմտյան զենք ու ռազմական տեխնիկա: Աֆղանստանի բանակը, բառացիորեն չդիմադրելով թալիբների հարձակմանը, նրանց է թողել տասնյակ թեթև զրահապատ մեքենաներ և բեռնատարներ, մեծ թվով սպառազինություն: Բայց ամենաարժեքավորը մարտական ինքնաթիռներն են:

Հստակ հայտնի չէ, թե քանի ինքնաթիռ և ուղղաթիռ այժմ ունեն «Թալիբները», քանի որ չի բացառվում՝ աֆղանական ուժերը նահանջի ժամանակ ոչնչացրել են դրանց մի մասը: Հայտնի է նաև, որ ինքնաթիռներով և ուղղաթիռներով մի շարք զինվորականներ հեռացել են երկրից՝ փորձելով ապաստան գտնել հարևան երկրներում:

Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ թալիբներն ունեն բավարար օդուժ՝ տարածաշրջանում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Փորձագետների համար դեռ անորոշ է, թե թալիբները կգտնե՞ն արդյոք անձնակազմ ավիացիան սպասարկելու համար, կամ արդյո՞ք կկարողանան դրանք օդ կբարձրացնել:

Քաբուլի օդանավակայանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել հրաձգություն Աֆղանստանի անվտանգության ուժերի և անհայտ անձանց միջև, զոհվել է անվտանգության մեկ աֆղանստանցի սպա, երեքը՝ վիրավորվել: Ըստ տեղեկությունների, փոխհրաձգությանը մասնակցել են նաև գերմանացի և ամերիկացի զինծառայողներ, նրանց շրջանում տուժածներ չկան:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ շարունակվում է Աֆղանստանից ԱՄՆ և դաշնակից երկրների քաղաքացիների, ինչպես նաև նրանց հետ համագործակցած աֆղանստանցիների տարհանումը: Oգոստոսի 14-ից մինչև օրս Աֆղանստանից տարհանվել է շուրջ 37 հազար մարդ:

«Թալիբանի» ղեկավարները նախզգուշացրել են ԱՄՆ-ին չուշացնել զորքերի դուրսբերումը երկրից և ավարտել նշված ժամկետում՝ օգոստոսի 31-ին: Հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել են ռազմական պատասխանով: Զգուշացումը հետևել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որի համաձայն՝ ամերիկյան կողմը մտածում է Քաբուլի օդանավակայանից ամերիկացի զինվորականների և ԱՄՆ-ի հետ համագործակցած Աֆղանստանի քաղաքացիների տարհանման ժամկետների երկարաձգման մասին: Բայդենը նշել է, որ վերջնական որոշումը կախված է նրանից, թե նշված ժամկետում ամերիկյան ուժերը քանի մարդ կհասցնեն տարհանել Աֆղանստանից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում