ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումն ուղեկցվել է պատգամավորների բանավեճով

ՇՇողիկ Գալստյան

Խորհրդարանում հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումն ուղեկցվեց պատգամավորների թեժ բանավեճով, փոխադարձ վիրավորանքներով: Ազգային ժողովի նախագահի հորդորով վիճաբանությանը միջամտեցին անվտանգության աշխատակիցները: Նիստն ընդհատվեց 20 րոպեով:

Ամեն ինչ սկսվեց օրվա առաջին կեսին, երբ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման փուլում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթում վարչապետին դիմեց անունով և տվեց որակում: ԱԺ նախագահը նրան հորդորեց լքել նսիտերի դահլիճը՝ հայտարարելով, որ մինչև օրվա ավարտ պատգամավորն իրավունք չի ունենա մասնակցել նիստերին: Աննա Մկրտչյանին նույն ոճով պատասխանելու համար Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց նաև Արփի Դավոյանին՝ զրկելով նրան մեկ նիստի մասնակցելու հնարավորությունից:

Ապա ԱԺ նախագահը հանդես եկավ արտահերթ ելույթով: Ընդդիմադիր խմբակցություններին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել, իսկ թիմակիցներին հորդորեց չարձագանքել սադրանքներին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդհատված նիստը վերսկսվելուց հետո հայտարարեց՝ ընդդիմության որևէ արտահայտություն անպատասխան չի մնա:

Օրվա երկրորդ կեսին արդեն խորհրդարանում մթնոլորտը փոխվեց: ԱԺ նախագահն ամբիոնից առաջարկեց փակել վիճաբանության թեման և զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից:

Սիմոնյանի առաջարկից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորները հանեցին ելույթները և անցան բովանդակային քննարկման: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Գևորգ Պապոյանը հայտարարեց՝ հանձնաժողովն օրենսդրական և խորհրդարանական վերահսկողության դաշտում լրջագույն աշխատանք է իրականացրել:

Գևորգ Պապոյան, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու - Սակայն կան բազմաթիվ կիսատ մնացած օրենսդրական նախագծեր, որոնք պետք է ավարտել, ապա քննարկել նորերը: 

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության առաջադրած թեկնածուն ներկայացրեց տարածաշրջանային համագործակցության և եվրասիական ինտեգրման հարցերի առնչությամբ իր տեսլականը:

Արմեն Գևորգյան, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու - 44-օրյա պատերազմը փոխել է Հարավային Կովկասի անվտանգային դիմագիծը և աշխարհաքաղաքականությունը: Պատերազմի հետևանքները փոխել են Հայաստանի ու Արցախի տեղն ու դերն այս ճարտարապետության մեջ: Զգալիորեն թուլացած ու անվտանգային լրջագույն խնդիրների շեմին գտնվելով՝ հայ ժողովրդին, այնուամենայնիվ, պատմականորեն վիճարկված է ապրել այս հողի վրա ու այս տարածաշրջանում: Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ: Մենք այստեղ ապրում ենք դարերով և պետք է շարունակենք ապրել և արարել: Դրա համար անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն և գրագետ տարածաշրջանային համագործակցություն, որի միջավայրը, նոր իրողություններից ելնելով, պետք է մեր պետությունը կառուցի իր ազգային անվտանգության շահերի խորը գիտակցմամբ:

Երկրորդ և երրորդ նախագահների պաշտոնավարման շրջանում բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանին «Քաղաքացիական պայմանագրից» Բաբկեն Թունյանը հիշեցրեց 2014-ի սկզբներին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի և այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև տեղի ունեցած տնտեսական բանավեճի մասին, ըստ որի՝ Սարգսյանը հայտարարել էր, թե Քոչարյանի ղեկավարման տարիների երկնիշ տնտեսական աճը շինարարական փուչիկ էր, որը պայթեց և փլատակների տակ թողեց տնտեսությունը: Թունյանը հիշեցրեց նաև Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ թերարժեք վարչապետը շռայլություն է մեր երկիրի համար, ապա հետաքրքրվեց՝ Գևորգյանը երկու մոտեցումներից որի՞ հետ է համաձայն:

Աշխատանքային օրվա ավարտին Ազգային ժողովը որոշում կայացրեց մեկ լրացուցիչ նիստ անցկացնել և սկսեց քննարկել Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում