Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր Հայաստանում հավատարմագրված դեսպանների ակտիվացած այցերի պատճառները

ԱԱրթուր Խաչատրյան

Վերջին շրջանում ակտիվացել են Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագետների այցերը Սյունիքի մարզ:

Արդեն մի քանի օր է՝ երկրի հարավում է Միացյալ Նահանգների դեսպանը: Լին Թրեյսին այցելել է տեսարժան վայրեր, նաև տեղեկացրել՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման կոմիտեն այստեղ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, ինչը, ըստ դիվանագետի, նշանակում է, որ ինքը դեռ կվերադառնա Սյունիք:

Հատկանշական է, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզում էին Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Բահման Սադեղինը. նրանց ուղեկցում էին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը զուտ արարողակարգային չի համարում Իրանի դեսպանի այցը սահմանի այս հատված:

Գարիկ Քեռյան (Քաղաքագետ) - Այն աստիճանի է Իրանն ակտիվություն դրսևորում, որ իր դեսպանին ուղարկում է դիրքեր: Սա, իհարկե, եզակի երևույթ է: Չկա երաշխիք, որ սահմանին չեն կարող չլինել միջադեպեր: Եվ այս իրավիճակում դեսպանը այցելում է սահման, և հայկական կողմը բացատրում է սահմանի դասավորվածությունը: Սա նշանակում է՝ պաշտոնական Թեհրանի քաղաքականության շտկում հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Այս ուղղությամբ Թեհրանի ակտիվացումը փորձագետներն արձանագրել են պատերազմի ավարտից անմիջապես հետո: Քեռյանի խոսքով՝ այդ ուղղությամբ գործնական քայլերից մեկը Պարսից ծոց-Սև ծով նախագծի իրագործումն է:
 
Գարիկ Քեռյան - Իրանը, ինձ հասած տեղեկությունների համաձայն, եթե որևէ փոփոխություն չլինի, այդ ճանապարհի տարանցիկ տարածք ընտրել է Հայաստանը: Եվ սա էականորեն ամրապնդելու է Հայաստանի դերակատարումը ինտեգրացիոն գործընթացներում:

Օրեր առաջ Թեհրան աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել էր իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ, հավելել՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը վերը նշված ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն արձանագրում է ոչ միայն Իրանի, այլև գրեթե բոլոր խոշոր խաղացողների ակտիվացումը տարածաշրջանում:

Ստեփան Գրիգորյան (Քաղաքագետ) - Գաղտնիք չէ, որ Իրանը, Միացյալ Նահանգները, ԵՄ-ն բազմիցս ասել են, որ հարգում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իրանի դեպքում ակնհայտ է, որ Իրան-Հայաստան սահմանը նկատի ունեն:

Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր այցերով եղել նաև այլ երկրների դեսպանները:

Իրավիճակին տեղում ծանոթացել էր մասնավորապես Եվրամիությունը Հայաստանում ներկայացնող գլխավոր դիվանագետ Անդրեա Վիկտորինը:

Սյունիքի մարզ էր այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում