Վարչապետի այցը Թեհրան և հայ-իրանական համագործակցության հեռանկարներն Իրանի նոր նախագահի օրոք

ՆՆարեկ Սահակյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնին վերանշանակվելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Վարչապետը երկկողմ հանդիպումներ ունեցավ Իրանի նորանշանակ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, ինչպես նաև մասնակցեց նախագահի երդմնակալության արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ ասել է, որ միմյանց հետ համագործակցելով ՝ երկու երկրները մեծ քայլեր են կատարում ժողովուրդների և պետությունների շահերի ապահովման ուղղությամբ:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը դրական է գնահատում հանրապետության առաջին դեմքի մասնակցությունը երդմնակալության արարողությանը, քանի որ միջոցառմանը ներկա են եղել տարածաշրջանի երկրների այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են տարածաշրջանային խնդիրներով: Նա նշում է, որ դա մեծ հնարավորություն էր այնտեղ Հայաստանի Հանրապետության ներկա վիճակը ներկայացնելու համար:

Գոհար Իսկանդարյան (իրանագետ, ԳԱԱ Իրանի բաժնի վարիչի պաշտոնակատար) - Ռայիսին ևս մեկ անգամ հայտարարեց, որ տարածաշրջանի յուրաքանչյուր խնդիր պետք է լուծել տարածաշրջանային երկրների կողմից և բանակցությունների, այլ ոչ թե ռազմական ճանապարհով, սա նրանց համար անընդունելի է:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերջերս այցելել է հայ-ադրբեջանական սահման: Նա մտահոգություն է հայտնել երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ, ընդգծել երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ըստ փորձագետ Փույա Հոսսեինիի՝ դեսպանի այցը շատ կարևոր է: Էբրահիմ Ռայիսին էլ երդմնակալության արարողության ժամանակ շեշտել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան ժողովուրդներին համարում է իր հարազատները:

Փույա Հոսսեինի (Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար) - Իրանը տարբեր պաշտոնյաների կողմից միշտ հայտարարել է, որ Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ են, և տարածաշրջանում թույլ չենք տա սահմանների որևէ փոփոխություն:

Իրանի առաջ ներկա փուլում ծառացած են տարբեր խնդիրներ՝ տնտեսական ճգնաժամից մինչև պայքար կորոնավիրուսի դեմ, բնակչության աղքատություն, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման հարցեր:

Գոհար Իսկանդարյան - Նրա նախընտրական խոստումների մեջ հիմնական թեզը տնտեսական բարեփոխումների հարցն էր և կոռուպցիայի դեմ պայքարը:

Ներքին քաղաքականությունից բացի, Իրանն ունի նաև արտաքին քաղաքականության նոր մարտահրավերներ: Դրանցից է միջուկային գործարքի բանակցությունների նոր փուլի մեկնարկը:

Ռայիսին բազմիցս նշել է, որ իր երկիրը պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի բանակցություններին, որոնք, ըստ նրա, խափանել է ԱՄՆ-ն: Փորձագետը նշում է, որ Ռայիսին պետք է ջանքեր ներդնի, որպեսզի Իրանը կարողանա հաղթահարել միջուկային ծրագրի այն խնդիրները, որոնք էլ հանգեցնում են տնտեսական ճգնաժամի:

Հեղինակ՝ Նաիրա Մազմանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում