Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

ՇՇողիկ Գալստյան

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրության երկու տապալված փորձից հետո պատգամավորների երրորդ փորձը հաջողվեց: «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն ընտրվեց խորհրդարանի փոխնախագահ:
 
Զբաղեցնելով Ազգային ժողովի նախագահության վերջին թափուր մնացած աթոռը՝ Սաղաթելյանը հայտարարեց՝ պատրաստ է լուրջ աշխատանքի, խոստացավ՝ օրենսդիրում կներկայացնի ոչ միայն իրենց ընտրողներին, այլ նաև չընտրողներին:

Այնուհետև խորհրդարանն անցավ մշտական հանձնաժողովների ձևավորման հարցի քննարկմանը:

ԱԺ-Ն ԿՈՒՆԵՆԱ 12 ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ. ՔՊ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած նախագծով՝ առաջարկվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ առողջապահության հարցերի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են 7-րդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյան - Այդ հանձնաժողովները մասնագիտական են, և անհրաժեշտ է, որ ներառված լինեն մասնագետներ, որ ապահովեն նաև օրենսդրական համապատասխան որակ:

Հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Վլադիմիր Վարդանյան - Հաշվի առնելով, որ ձևավորվում է 12 հանձնաժողով, իսկ «Պատիվ ունեմ»-ը ներկայացված է ընդամենը 7 անդամով, մենք առաջարկում ենք յուրաքանչյուր հանձնաժողովում ունենալ մեկ անդամ նշանակելու հնարավորություն:

Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկում են ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Նախագիծը ներկայացնող, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն ընդգծեց՝ 2020-ի պատերազմից հետո Հայաստանը և Արցախը ծանր կորուստներ են կրել, և հանձնաժողովը պետք է զբաղվի այդ բոլոր հարցերով:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյան - Աշխարհն ունի կարիք՝ լսելու այն մեսիջը, որ մեր երկրի ԱԺ-ում ստեղծվում է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

Այս հանձնաժողովի հնարավոր ձևավորման շուրջ էլ ծավալվեց օրենսդիրների այսօրվա քննարկումը:

Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծումը ուղերձ է միջազգային հանրությանը, որ Հայաստանը Արցախից ձեռքերը չի լվացել, իսկ այնտեղ ապրող ժողովրդի մասին չի մոռացել: Այս մասին ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյան - 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախում և ՀՀ-ում ստեղծված օրհասական իրավիճակը պարզապես թելադրում է մեզ ունենալ երկրորդ հայկական պետության խնդիրներով զբաղվող, մշտապես գործող խորհրդարանական միավոր:

Իշխանությունից նախ՝ թվերով ներկայացրեցին, թե ինչ է արվել և ինչ է արվում Արցախում պատերազմից հետո, իսկ հնչած մեղադրանքներին, թե հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկելով իշխանությունը կստորադասի Արցախի խնդիրները, հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ավելի քան 5 ժամ տևած քննարկումից հետո իշխանության և ընդդիմության ներկայացրած որոշման երկու նախագծերը դրվեցին քվեարկության: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրածն ընդունվեց, ընդդիմությանը՝ ոչ:

Իսկ մինչև աշխատանքային օրն ավարտելը խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը հայտարարեցին, թե որ հանձնաժողովներն են նախընտրում ղեկավարել:

Այդպիսով, ըստ Դոնթի բանաձևի, ընդդիմությունը ընտրեց Տնտեսական, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները, մնացած 9 հանձնաժողովն անցավ իշխանությանը:

Նախագահների ընտրության հարցը քննարկվի արդեն երկուշաբթի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում