Խորհրդարանական ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկելու է ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը

ՇՇողիկ Գալստյան

Խորհրդարանական ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ խորհրդարանի խոսնակի ընտրությունը տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի խախտմամբ:

Արմեն Ռուստամյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը, և համարել, որ էդ ընտրությունները նորմալ, հավասար մրցակցային պայմաններում են եղել։ Պատկերացրեք՝ ոնց որ գնան Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցելու թեկնածուներին, ԿԸՀ-ն գրանցում է թեկնածուին, բայց իրեն թույլ չեն տալիս, որ մասնակցի քարոզարշավին։ Էդպիսի իրավիճակ է ստեղծվել, այսինքն՝ Ազգային ժողովն առաջին նիստին հաստատում է, որ էդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիազորությունները կասեցվում են, ըստ էության, սա աննորմալ վիճակ է։

8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ընդդիմադիր երկու խմբակցությունները ԱԺ նախագահի թեկնածուներ էին առաջադրել «Հայաստան» դաշինքի պատգամավորներ՝ Մեղրիի և Սիսիանի նախկին քաղաքապետներին: Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով: Նրանք կալանավորված են և նիստերին չեն մասնակցում:

Արմեն Ռուստամյան - Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք այս հարցի պատասխանը՝ էն, ինչ-որ անհեթեթ կերպով դատախազությունն է մեկնաբանում, որ պատգամավորի անձեռնմխելիությունը հաղթահարել է ԿԸՀ-ն։ Անձեռնմխելիությունը պատգամավորի կարող է հաղթահարել միայն Ազգային ժողովը:

Դատախազությունից ինչպես երեկ, այնպես էլ այսօր պնդում են՝ նշված անձինք, հանդիսանալով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ, ազատությունից զրկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ։
 
Գևորգ Բաղդասարյան (գլխավոր դատախազի տեղակալ) - Անձանց, ովքեր կալանքի տակ են, անձեռնմխելիությունը, որոնք նրանք ունեցել են որպես պատգամավորի թեկնածու, հաղթահարված է օրենքով սահմանված կարգով։ Սահմանադրական կարգավորումները չեն ենթադրում, որ արդեն իսկ սկսված քրեական հետապնդումը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկումը պետք է ստանա Ազգային ժողովի համաձայնությունը:

Ընդդիմությունից պնդում են՝ խախտված է ոչ միայն իրենց թեկնածուների ընտրվելու, այլև ընտրելու իրավունքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մինչդեռ հակադարձում է՝ այն, որ անձը ամբիոնից ելույթ ունենալու հնարավորություն չի ունեցել, չի նշանակում՝ խախտվել է նրա ընտրվելու իրավունքը:

Վլադիմիր Վարդանյան - Նրանց անունները ներառված էին քվեաթերթիկում, և նրանց անգամ չընտրեցին իրենց խմբակցությունից: Մենք բոլոր դեպքերում չենք կարող երաշխավորել նրանց քվեարկելու իրավունքը, կարող են լինել տարբեր տեղեր և այլն:

Վլադիմիր Վարդանյանը պնդում է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը չի խախտվել, իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության 96-րդ հոդվածի հնարավոր խախտմանը, ապա, Վարդանյանի խոսքով՝ այդ գնահատականը կարող է տալ միայն Սահմանադրական դատարանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում