Վարկեր՝ «սև ցուցակի» քաղաքացիներին. առցանց հափշտակության զոհերը

ԼԼիլիթ Դանիելյան

Քննչական կոմիտեն պարզել է, որ քաղաքացին 1 տարվա ընթացքում, Ֆեյսբուքում գրանցելով տարբեր էջեր, գայթակղիչ ու շահավետ պայմաններով առաջարկել է վարկեր՝ «սև ցուցակում» հայտնված վարկառուներին: Օգտատերը ակտիվ նամակագրության մեջ է մտել հետաքրքրվող քաղաքացիների հետ, խոստացել առանց խոչընդոտի ArCa համակարգում շտկել վարկային կենսագրությունը, դուրս բերել նրանց, այսպես կոչված՝ «սև ցուցակներից» ու տրամադրել գումար՝ արտոնյալ պայմաններով: Այդ ամենի դիմաց քաղաքացիներից խաբեությամբ պահանջել է տարբեր վճարային համակարգերի միջոցով գումար փոխանցել իր հաշիվներին:

Սասուն Գրիգորյան (ՔԿ ՀԿԳ կիբեռհանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ) - Իր կողմից տնօրինվող «Վիվառո գրուպ» ընկերության տասնյակ չնույնականացված խաղային հաշիվներին, ինչպես նաև «Իդրամ» և «Յուփեյ» վճարային համակարգերում պատահական անձանց անուններով նույնականացված հաշվառման հաշիվներին ստացել է առանձնապես խոշոր չափերով գումարներ ու հափշտակել է:

Գործարքը թաքցնելու նպատակով՝ քաղաքացիներից «Վիվառո գրուպ» ընկերության խաղերին փոխանցած գումարը խաղի միջոցով տանուլ է տվել ինքն իրեն՝ ունենալով տարբեր խաղային հաշիվներ: Այնուհետև այդ հաշիվներին կուտակված գումարը փոխանցել է «Իդրամ» վճարային համակարգի հաշիվներին, կանխիկացրել է բանկերի կամ տարբեր բուքմեյքերական գրասենյակների միջոցով:

Սասուն Գրիգորյան - Քաղաքացիներին տրամադրված «Վիվառո գրուպ» ընկերության հաշիվները և վճարային համակարգերի հաշիվները եղել են չնույնականացված կամ պատահական անձանց անուններով նույնականացված:

Մեկ տարում գործարքի զոհ է դարձել 36 քաղաքացի: Հափշտակած գումարը գերազանցում է 8 մլն դրամը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում