Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների՝ Շուշի այցելելուց հրաժարվելու պատճառները

ԱԱրթուր Խաչատրյան

Ադրբեջանում հավատարմագրված 46 երկրի դեսպան այցելել է օկուպացված Շուշի, սակայն, նրանց շարքում բացակայել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիվանագետները. նրանք չեն ընդունել հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի:

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ Շուշի չայցելելու որոշումը իրարանցում է առաջացրել Ադրբեջանում: Սա քննարկում են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական լրատվամիջոցները, միաձայն քննադատում դեսպաններին, մեղադրում «հայամետության» համար: Ազգային Ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ պատճառը իրականում շատ պարզ է. համանախագահ երկրների որոշումը ևս մեկ ազդակ է, որ կարգավորման գործընթացը, ինչպես նաև ձևաչափը, ուժի մեջ են:
 
Տաթևիկ Հայրապետյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Դա ակնհայտորեն ցույց է տալիս դիրքորոշումն առ այն, որ խնդիրը չի ստացել քաղաքական լուծում: Հակամարտությունը լուծված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը:

Հայրապետյանը հիշեցնում է համանախագահ երկրների 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարությունը, որում նշվում էր՝ «հիմնաքարային հարցերի լուծումները պետք է տեղի ունենան բանակցային գործընթացի միջոցով»:

Արդեն տևական ժամանակ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, թե Մինսկի խումբը սպառել է իրեն, հակամարտության մասին էլ միայն կարելի է անցյալ ժամանակով խոսել: Սրան հակառակը՝ Հայաստանը, ինչպես նաև միջնորդ երկրները հստակ հայտարարել են՝ կոնֆլիկտը վերջնականապես չի կարգավվել, իսկ դրա լուծման միակ ձևաչափը հենց «Մինսկի խումբն» է: Քաղաքագետ Գարիկ Քեռյանը նկատում է՝ վերջին պատերազմից հետո այժմ միայն մի հարց է ակտուալ մնացել. խոսքը Արցախի կարգավիճակի մասին է:

Գարիկ Քեռյան (քաղաքագետ) - Ադրբեջանական դիվանագիտությունը, ինչպես նաև թուրքական, շատ ցավագին են արձագանքում այս հայտարարություններին, քանի որ հասկանում են, որ եթե համարում ես, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ, արդեն միայն այդ բաղադրիչի շուրջ պետք է գնան գործընթացները: Եվ սա շատ նյարդայնացնում է Ադրբեջանին: Եթե դեսպաններն այցելեին Շուշի, դա փաստացի կնշանակեր ընդունել նոր իրողությունը:

Հատկանշական է, որ այցը կազմակերպվել էր Իլհամ Ալիևի անմիջական հանձնարարությամբ: Հայրապետյանի համոզմամբ՝ նման գործողություններով Բաքուն փորձում է ամրապնդել պատերազմի արդյունքները, միաժամանակ արդարացնելով ագրեսիան Արցախի նկատմամբ:

Տաթևիկ Հայրապետյան - Շուշին հատուկ է ընտրված՝ հասկանալով Շուշիի սիմվոլիկ դերը և նշանակությունը մեզ համար: Շուշին սիմվոլ է ծառայում: Բայց հիմքն այն է, որ արդարացնեն ագրեսիան և պատերազմական գործողություններ սկսելը: Նույն ԵԽԽՎ-ում ամեն ելույթի ժամանակ ասում են, որ ագրեսիայի են գնացել և հաջողության հասել:

Դեսպանների «դեմարշին», ինչպես դա որակել են ադրբեջանական լրատվամիջոցները, արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զիլֆուգարովը, առաջարկել նրանց ենթարկել պաշտոնական և հանրային մեկուսացման այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն այցելել Շուշի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում