ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներին. Զախարովա

ՄՄերի Եգորյան

Օրերս Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հետ քաշելու և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի առաջարկին՝ նշել էր, որ ընթանում են առարկայական խորհրդակցություններ:

Ընթացող քննարկումների վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ ունի ռուսական արտաքին գերատեսչությունը, ե՞րբ կարելի է սպասել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերի հետքաշում և սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայում, «Լուրերի» հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանեց՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը Մոսկվայում ուղղակիորեն չեն կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:

Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Դա սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Ընդհանուր ֆոնը, իհարկե, խորանում է կողմերի փոխադարձ վստահության պակասի պատճառով: Որպես խնդրի երկարաժամկետ և կայուն լուծում ՝ տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ տվյալ աշխատանքի շուտափույթ մեկնարկը՝ դրա հետագա սահմանագծմամբ:

Մոսկվան պատրաստ է այդ հարցում ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն: Այս պահին շարունակվում են արտաքին և պաշտպանական գերատեսչությունների, այդ թվում՝ սահմանային ծառայությունների միջև քննարկումները՝ լարվածության թուլացման նպատակով՝ տեղեկացրեց Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդարձակման հնարավորության հարցը՝ նա նշեց, որ տարբեր ձևաչափերում հայկական կողմի հետ ակտիվորեն քննարկվում են տարածաշրջանային անվտանգային հարցերը: Արցախի հարցն ընդգրկուն կերպով քննարկել են նաև Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները՝ վերջին հանդիպման ընթացքում: Ռուսական կողմը ոչ միայն խոսքով, այլ գործնականում ջանքեր է գործադրում այս հարցում՝ նշեց ԱԳՆ ներկայացուցիչը:

Մարիա Զախարովա - Մոսկվան պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման գործում, Մոսկվան պատրաստ է օգնել ամրապնդել Երևանի և Բաքվի միջև վստահությունը և վերացնել փոխադարձ գրգռիչ գործոնները:

Ըստ Զախարովայի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն: Առանձին միջադեպերն օպերատիվ կերպով լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ: Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում